ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է անում առավել թափանցիկ լինել զորավարժությունների անցկացման հարցում |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները դեռ անցած տարվա օգոստոսից կոչ է անում Ադրբեջանին առավել թափանցիկ լինել զորավարժությունների անցկացման հարցում՝ հավելյալ տեղեկություններ ներկայացնելով դրանց չափի և նշանակության մասին:

«Ըստ Վիեննայի համաձայնագրի, Ադրբեջանը պարտավոր էր տեղյակ պահել առնվազն մեկ լայնածավալ զորավարժության մասին, ինչը չի արել», – փաստել է Պետդեպարտամենտը «Սպառազինությունների վերահսկողության մասին» ամենամյա զեկույցում։

Պետքարտուղարությունը հիշեցրել է, որ անցած տարի Բաքուն, ըստ իր իսկ Պաշտպանության նախարարության, առնվազն երեք լայնածավալ զորավարժություններ է անցկացրել՝ 10 հազար զինվորականների, հարյուրավոր տանկերի, խոշոր զինտեխնիկայի ու օդուժի ներգրավմամբ, սակայն որևէ դեպքում դրանց վերաբերյալ տեղեկություն չի տրամադրել Վաշինգտոնին։

Ադրբեջանը շարունակում է խախտել իր պարտավորությունը, ամրագրում է զեկույցը, մանրամասնելով՝ «2019-ի օգոստոսին Միացյալ Նահանգները Ադրբեջանին է փոխանցել թափանցիկության պակասի վերաբերյալ իր մտահոգությունները»։

Կոնգրեսին ներկայացված հաշվետվության մեջ Պետդեպարտամենտն ընդգծել է՝ շարունակելու է հետամուտ լինել այս հարցին և առաջիկայում ևս Ադրբեջանի հետ երկկողմ ու բազմակող հանդիպումներում կարևորելու է ռազմական գործողությունների մասին համապարփակ և ճիշտ ժամանակին տեղեկություն ներկայացնելու անհրաժեշտությունը։

«Զորավարժությունները, որոնց մասին չի հաղորդվում կամ ամբողջ տեղեկատվությունը չի տրամադրվում, հարվածի տակ են դնում Վիեննայի համաձայնագիրը», – արձանագրել է Պետքարտուղարության զեկույցը։

Համաձայնագիրնը ընդունվել է ԵԱՀԿ հովանու ներքո 2011 թվականին՝ անվտանգության ոլորտում անդամ երկրների միջև վստահությունն ամրապնդելու, սպառազինությունների նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն