Վարելու իրավունք չունեցող անձանց նկատմամբ առաջարկվում է սահմանել նոր տուգանքներ |hetq.am|

hetq.am: Ոստիկանությունը նախատեսում է վարչական նոր պատասխանատվություններ սահմանել վարելու իրավունք չունեցող անձանց նկատմամբ, եթե նրանք խախտեն երթևեկության կանոնները։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նման փոփոխություններ կատարելու առաջարկ է ներկայացվել իրավական ակտերի միասնական կայքում։

Ըստ առաջարկվող փոփոխության՝ եթե անձը զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարի և վարչական տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարի նույն արարքը, մեկ տարի ժամկետով կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձը կտուգանվի 200 հազար դրամով։ «Սա կզսպի զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելու վարորդների գայթակղությունը՝ երաշխավորելով վարչական տույժի նպատակի իրագործմանը»,- հայտնել է ոստիկանությունը։

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձը կտուգանվի 500 հազար դրամով՝ երթևեկության սահմանված արագությունը 81 կմ/ժ և ավելի գերազանցելու դեպքում։ Այժմ օրենքով սահմանված է, որ երթևեկության սահմանված արագությունը 81 կմ/ժ և ավելի գերազանցելը՝ առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:

Առաջարկվող փոփոխությամբ՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձը կտուգանվի 400 հազար դրամով, եթե նրա՝ ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակությամբ։ Նշենք, որ այժմ վարորդը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվում է երկու տարի ժամկետով, եթե նրա ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակությամբ։

Ըստ ներկայացված նախագծի՝ եթե տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձն առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարի, կտուգանվի 200 հազար դրամով։ Նշենք, որ այս արարքի համար վարորդը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվում է մեկ տարի ժամկետով:

Եթե տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձը ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլը վարի ոչ սթափ վիճակում և նրա արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցի 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցի 0.5 միլիգրամը` կտուգանվի 200 հազար դրամով։

Շարունակությունը՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն