Չհարկվող գույք չի մնալու․ ՀՀ-ում գույքահարկ վճարողներն ու վճարի չափերը՝ 2021թ․-ից |ampop.am|

ampop.am: Հայաստանում ներդրվում է անշարժ գույքի գնահատման և հարկման նոր համակարգ, որով գույքահարկը հաշվարկվելու է անշարժ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայական մոտարկված արժեքի հիման վրա։

2021թ․ հունվարի 1-ից կիրառության մեջ մտնող նոր համակարգի արդյունքում գույքահարկի վճարները կավելանան։ Սակայն հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար, ՀՀ կառավարությունն առաջարկում է նոր համակարգին անցում կատարել ատիճանաբար՝ առաջիկա չորս տարիների ընթացքում։

Այսինքն՝ 2021թ․-ին սեփականատերը կվճարի նոր մեթոդով հաշվարկված գույքահարկի 25%-ը, 2022թ-ին` 50%-ը, 2023թ-ին` 75%-ը, իսկ 2024թ․-ից՝ արդեն ամբողջ հարկը։

Սա դեռևս օրենքի ուժ չունի։ Սակայն հարկային օրենսգրքում առաջարկվող այս փոփոխությունները կառավարությունը համարել է անհետաձգելի․ արդեն քննարկել, ընդունել և ուղարկել է Ազգային ժողով:

Հունիսի 24-ին ԱԺ-ում այս հարցով առաջին լսումներն էին։

«Հեղափոխական նշանակության փոփոխություններ»

«Ընդհանուր առմամբ՝ այո՛, գույքահարկն ավելանալու է, և առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ, ապարանքներ և այլն»,- կառավարության մայիսի 27-ի նիստում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյանն այս փոփոխությունը ներկայացնում է իբրև «հեղափոխական նշանակության փոփոխություններ»` ուղղակի կապելով դրանք եկամտահարկի համահարթեցման հետ։ Ըստ վարչապետի՝ եթե ոմանք համարում են, որ համահարթ եկամտահարկ սահմանելով խախտվել է սոցիալական արդարության սկզբունքը, ապա գույքահարկի նոր համակարգի ներդրմամբ՝ կվերականգնվի այն։

Շքեղ առանձնատների գույքահարկը ներկայումս սիմվոլիկ բնույթ է կրում, ասում է Փաշինյանը։

«Դղյակներ կան, որոնք, օրինակ, տարեկան վճարում են 800 հազար դրամ, բայց օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարեն 15մլն դրամ: Ակնհայտ է, որ այդ սեփականատերերի համար այդ 15մլն դրամը ոչ մի բան է՝ ըստ էության: Համենայնդեպս, եթե մարդն էդ կարգի դղյակ է կառուցել, ուրեմն դա պետք է այդպես էլ լինի»։

Կառավարությունը չի թաքցնում, որ փոփոխությունները ոչ միայն տեսանելի հարստության [շքեղ տուն] կամ ունեցվածքի համարժեք հարկման, այլև տեղական բյուջեի հավաքագրման նպատակով են։ Անշարժ գույքի հարկը համայնքային բյուջեների եկամտի կարևոր աղբյուր է, իսկ Հայաստանում, ըստ նախագծի հիմնավորման, գործնականում գրեթե չի օգտագործվում:

Հայաստանում անշարժ գույքի հարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 0.2%, իսկ, օրինակ, հարևան Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 1.1%, Ռուսաստանում` 1.2%, ԱՄՆ-ում` 2.7%։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հաշվարկներով՝ փոփոխությունների արդյունքում մինչև 4,3 անգամ կաճի գույքահարկերից գոյացող գումարը։ Միայն Երևանի բյուջեն կավելանա 45-50 մլրդ դրամով։

Այնուամենայնիվ, Հայկական տնտեսագիտական միության նախագահ Գուրգեն Ասլանյանը կարծում է, որ խնդիրներ կառաջանան «պալատների» իրական արժեքը գնահատելիս․ «Այդ պալատները հատուկենտ են մեր Հայաստանում ու դրանց շուկայական արժեքն անհայտ է: Նշանակում է՝ մենք չգիտենք, թե այդ տոկոսն ինչից են հաշվելու՝ միլիոնի՞ց, թե՞ հարյուր միլիոնից»:

Ասլանյանը չի բացառում, որ ցանկության դեպքում մեծահարուստներն իրենց առանձնատները կամայական, բավականին ցածր գնով կվաճառեն իրենց բարեկամներին ու կասեն, որ դա է շուկայական գինը։ Սա է պատճառը, որ ըստ Ասլանյանի, գույքահարկի փոփոխությունները պետք է լինեն եկամուտների վերաբաշխման համատեքստում. որոշ չափով այն պետք է դառնա ճոխության հարկ:

Վերացվում է չհարկվող շեմը

Եթե ԱԺ-ն ընդունի օրինագիծը նույնությամբ, Հայաստանում այլևս չի լինի չհարկվող անշարժ գույք։ Նախագծով առաջարկվում է վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ մինչև 10մլն դրամ արժեքով բնակարանների և մինչև 7մլն դրամ արժողությամբ բնակելի տների համար սահմանելով 0․05% հարկման դրույքաչափ։

Հայաստանում այլևս չի լինի չհարկվող անշարժ գույք

Սա, ըստ նախագծի հիմնավորման, «կնպաստի սեփականության իրավունքի վերաիմաստավորմանը և հարկերի վճարման մշակույթի ամրապնդմանը»։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կարծիքով ՝ այս փոփոխություններով շտկվելու է «կադաստրային արժեքների և գույքահարկի ներկայիս աղավաղված պատկերը»։

Ըստ նրա՝ Հայաստանում կա մոտ 432 հազար բնակարան, որոնց 64%-ի (275 հազար բնակարաններ) կադաստրային արժեքը 3 միլիոն դրամից ցածր է։ Այսինքն՝ այդ բնակարանների համար գույքահարկ չի վճարվում։

Միայն Երևանում 3 միլիոնից ցածր կադաստրային արժեք ունեցող և գույքահարկ չվճարող 107 հազար բնակարան կա։

Կադաստրի կոմիտեից հայտնել են, որ մինչև 3 մլն կադաստրային արժեքով Երևանում ամենամեծ թվով բնակարանները՝ շուրջ 22%, Նոր Նորք վարչական շրջանում են։ 3 մլն-ը չգերազանցող բնակելի տների քանակով էլ առաջին տեղում Շենգավիթ վարչական շրջանն է՝ 26%:

Իսկ այդ արժեքային սանդղակում գտնվող բնակարանների և բնակելի տների ամենամեծ տեսակարար կշիռն ունի Նուբարաշեն վարչական շրջանը, որտեղ բնակարանների 99%-ի, իսկ բնակելի տների 54%-ի կադաստրային արժեքները փոքր են 3 մլն-ից։

Կադաստրային ցածր արժեքները պայմանավորված են շինության կառուցման տարեթվով և գտնվելու վայրի գոտիականությամբ։

Հարկման բազա և դրույքաչափեր

Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգն ընդունվել է դեռևս անցած տարվա նոյեմբերին և ուժի մեջ է մտնելու 2021 թ․-ի հունվարի 1-ից: Այս օրենքով սահմանվում են գույքահարկի հաշվարկման բանաձևերը, որոնք տարբեր են՝ կախված անշարժ գույքի տեսակից։

Կառավարության՝ մայիսի 27-ին ընդունած հարկային փոփոխություններով սահմանվում են հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ դեպքերում՝ նոր դրույքաչափեր։ Դրանք տարբեր են բնակարանների և անհատական բնակելի տների համար։ Այդ խմբերից յուրաքանչյուրն իր հերթին ունի վեց մակարդակ․ այսինքն՝ որքան բարձր է գույքի արժեքը, այնքան շատ է գույքահարկը։

Հարկման նվազագույն դրույքաչափը 0.05% է թե բնակարանների, թե բնակելի տների համար։ Բայց տարբեր է հարկման բազան․ բնակարանների դեպքում՝ 10մլն դրամը, իսկ տների դեպքում՝ 7մլն դրամը չգերազանցող արժեքը։ Գույքահարկն այս արժեքների դեպքում բնակարանների համար առավելագույնը կլինի 5000 դրամ, իսկ տների համար՝ 3500 դրամ։

Ամենաբարձր հարկման շեմում ընդգրկվել են 100 մլն դրամից ավելի արժեք ունեցող բնակարաններն ու 120 մլն-ը գերազանցող տները, որոնց դեպքում գույքահարկը կլինի համապատասխանաբար՝ 326 000 և 423 500 դրամից ավելի։

Շարունակությունը՝ ampop.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով