Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է լիտվացի բուժաշխատողների խմբին, որը Հայաստանում է՝ օգնելու հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Lիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Բիրյեր Կարլսոնը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
Նախագահ Սարգսյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել բժիշկներին՝ օգնության ձեռք մեկնելու համար:
«Հայաստանի քաղաքացիների և ողջ աշխարհի հայության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն ամենի համար, ինչ անում ենք. որ հանուն մեզ օգնելու վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը։ Շնորհակալություն նաև Լիտվայի կառավարությանն ու իմ բարեկամ, նախագահ Գիտանաս Նաուսեդային, որի հետ վերջերս տեսակապով անկեղծ քննարկում ունեցանք: Բարձր եմ գնահատում այս աջակցությունը,-դիմելով բժիշկներին՝ ասել է նախագահ Սարգսյանը:
Դեսպան Անդրեա Վիկտորինը նույնպես շնորհակալություն է հայտնել բժիշկներին Հայաստան այցելելու համար՝ կարևոր համարելով համավարակի ընթացքում Եվրամիության անդամ-երկրների աջակցությունը: Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Իտալիայից և Գերմանիայից նույնպես խմբեր կժամանեն: «Նման այցելությունները կարևոր են նրանով, որ մասնագետները կարող են իրենց փորձը փոխանակել, աշխատել միասին, ինչը շատ օգտակար է: Մենք պետք է ավելին անենք՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտական հետազոտությունների իրականացման ասպարեզում համագործակցությունն ավելի խորացնելու համար: Հուսով եմ, որ բոլորս միասին կհաղթահարենք այս ճգնաժամը»,-ասել է դեսպանը:
Հայաստանում Lիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն նույնպես երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից կարևոր է համարել լիտվացի բժիշկների այցելությունը: «Կարծում եմ, սա երկու երկրների միջև առողջապահության ոլորտում ավելի խորը համագործակցության ընդամենը սկիզբն է: Սա նաև լավ հնարավորություն է՝ կիսվելու մասնագիտական փորձով և առավել պատրաստ լինելու համավարակի հաջորդ հնարավոր ալիքներին: Հպարտ եմ, որ կարողանում ենք այս փուլում օգնել բարեկամ հայ ժողովրդին»,-նշել է դեսպանը:
Լիտվացի բժիշկները ներկայացրել են իրենց փորձն ու առաջարկությունները համավարակի դեմ առավել արդյունավետ պայքարելու եղանակների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը բոլորին հրավիրել է համավարակից հետո ընկերներով ու ընտանիքներով կրկին այցելել Հայաստան, պահպանել իրենց հայ գործընկերների հետ կապերն ու երկու երկրների միջև ավանդական բարեկամությունը: