Ներկայացված պահանջը դուրս էր ՄԻԵԴ-ի իրավասությունից, երկրի ներքին գործերին միջամտելու շեմին է մոտենում․ Եղիշե Կիրակոսյան |armtimes.com|

armtimes.com: Մարդու իրավուքների Եվրոպական դատարանը որոշեց մերժել «Ալվինա Գյուլումյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուների կողմից ներկայացված պահանջը՝ որպես հայցի ապահովման միջանկյալ միջոց Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու մասին:

Որոշումն, իհարկե, բուռն քննարկումների առիթ է տվել: Կան շրջանակներ, որոնք այն արդեն որպես հաղթանակ եւ ՄԻԵԴ-ի կողմից Սահմանադրական փոփոխությունների գործընթացի լեգիտիմության գնահատական են  որակում: Կան նաեւ շրջանակներ, որոնք այս որոշումից հետո հայտարարում են, որ Հրայր Թովմասյանն ուղղակի պետք է հրաժարվի նաեւ ՍԴ անդամի պաշտոնից եւ ընդհանրապես հեռանա այնտեղից: Հակառակ թեւից էլ հնչում են ակնարկներ, որ սա դեռ վերջը չէ եւ պետք է սպասել հիմնական հայցի քննությանը:

Մասնավորապես, այսօր հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ում Դիմումատուների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը որում ասված է․ «Հանրությանը տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանի նախագահի եւ դատավորների գործը ներկայումս գտնվում է քննության փուլում։ Ավելին, Եվրոպական դատարանը, հաշվի առնելով խախտումների բնույթը եւ բարձրացված հարցերի կարեւորությունը, հանձնառել է գործի անհապաղ քննություն։ Սույն թվականի հունիսի 26-ին ներկայացված տեղեկատվության հիման վրա արդեն իսկ հուլիսի 2-ին Կառավարությանն ուղղվել են մի շարք հարցեր։ Դատարանը, սահմանված ընթացակարգերին համապատասխան, շարունակում է կողմերին տրամադրել դիրքորոշումներ ներկայացնելու ժամկետներ։ Այդ նպատակով Եվրոպական դատարանն արդեն իսկ սահմանել է նոր ժամկետ՝ սույն թվականի օգոստոսի 28-ը, ինչը հավելյալ վկայում է գործի կարեւորության նկատմամբ առկա ուշադրության մասին»։

Նրա խոսքով` իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե իբր Եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու դիմումատուների խնդրանքը։ «Եվրոպական դատարանի կողմից լուծվում են ոչ թե այս կամ այն երկրում ընթացող օրենսդրական զարգացումներին առնչվող, այլ անձի իրավունքի խախտումներին վերաբերող կոնկրետ հարցեր։ Ուստի Եվրոպական դատարանի առջև բարձրացվել էր դիմումատուների իրավունքների շարունակական խախտումները կանխելուն, ինչպես նաև կայացվելիք վճռի կատարումն ապահովելուն ուղղված միջանկյալ միջոցի կիրառման հարցը»,–գրել է նա։

Ինչին է վերաբերելու «Ալվինա Գյուլումյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» հիմնական հայցը, Թովմասյանն ու մյուսներն արդյոք ունե՞ն ՄԻԵԴ որոշումը բողոքարկելու կամ նոր պահանջ ներկայացնելու հնարավորություն. այս ամենի շուրջ զրուցել ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ:

– Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս եք գնահատում ՄԻԵԴ որոշումը՝ Գյուլումյանի, Թովմասյանի եւ մյուսների պահանջը մերժելու եւ միջանկյալ միջոց չկիրառելու մասին:

-Դատարանը գտել է, որ դիմումատուների ներկայացրած պահանջը միջանկյալ միջոց կիրառելու շրջանակներից դուրս է՝ outside the scope, դրա համար էլ մերժել է ու չի կիրառել միջանկյալ միջոց՝ նաեւ գտնելով, որ որեւէ անդառնալի հետեւանք չի առաջացրել: Դեռեւս Կառավարության դիրքորոշումը ներկայացնելիս ինձ համար ակնհայտ էր, որ 39-րդ կանոն կիրառելու հիմքեր չկային: Որովհետեւ 39 կանոն կիրառվում է շատ բացառիկ իրավիճակներում, երբ որ դիմումատուի իրավունքների ռեալ անդառնալի հետեւանք կարող է առաջանալ: Հատկապես տարածված է այն իրավիճակներում, երբ խոսքը գնում է անձի առողջության եւ կյանքի մասին: Ակնհայտ է նաեւ, որ այն պահանջը, որ ներկայացվել էր Սահմանադրական փոփոխությունների գործընթացի կասեցման մասով, դա էլ պետք է դուրս լիներ դատարանի իրավասությունից, որովհետեւ դա արդեն երկրի ներքին գործերին միջամտելու շեմին է հասնում:

– Ըստ ձեզ Եվրոպական դատարանին այդքան լավ ծանոթ տիկին Գյուլումյանը, կամ թեկուզ Հրայր Թովմասյանը այս մասին գլխի չէի՞ն ընկնում: Ինչո՞ւ էին նման պահանջ ներկայացրել:

-Չեմ կարող ասել, ճիշտն ասած: Դա արդեն իրենք գիտեն, ես չեմ ուզում մեկնաբանել: Նաեւ կա ներկայացուցիչ, որ ներկայացնում է իրենց շահերը Եվրոպական դատարանում (Սիրանուշ Սահակյան-խմբ.), ով քաջատեղյակ է Եվրոպական դատարանին, Եվրոպական կոնվենցիային: Վստահ եմ, որ բոլորն էլ տիրապետում էին Եվրոպական դատարանի ե՛ւ դերակատարությանը, ե՛ւ հնարավորություններին, ե՛ւ իրավասության սահմաններին նաեւ:

-Այս որոշումը կարո՞ղ է բողոքարկվել որեւէ կերպ: Նկատի ունեմ Մեծ պալատ…թե՞ սա այդ դեպքը չի:

-Սա այդ դեպքը չի, որոշումը կայացվել է, Մեծ պալատի խնդիր չեմ կարծում առաջանալու է: Ամեն դեպքում այստեղ մենք ունենք նաեւ զուգահեռ ընթացող հիմնական դիմումի քննության ընթացակարգ, որը կամ արդեն ներկայացված պետք է լինի կամ կներկայացնեն շուտով, որովհետեւ Կառավարությունը դրա մասին դեռ չի կոմունիկացվել: Այս փուլում Կառավարությունը ներկայացրեց այն հարցերի պատասխանները, որ Եվրոպական դատարանի կարծիքով անհրաժեշտ էին իրեն՝ հասկանալու համար ինչ որոշում կայացնի: Մենք էլ բավական մանրամասն դիրքորոշում էինք ուղարկել:

-Այսինքն ձեզ համար դեռ պարզ չէ՞՝ կոնկրետ ինչ են բողոքարկել, որն է ՄԻԵԴ բուն դիմումի բովանդակությունը:

-39 կանոնի կիրառման միջնորդության բովանդակությունից կարող եմ ենթադրել, թե որ իրավունքների մասին է խոսք գնալու, որովհետեւ այնտեղ որպես հիմնավորում նշվել էր առնվազն 3 հոդված: Առաջինը՝ դա 8-րդ հոդվածն էր, որը անձնական կյանքի անձեռնմխելիությանն է վերաբերում, նաեւ պրոֆեսիոնալ ազատության մասով պաշտպանության առարկա է համարվում: Մյուսը վկայակոչվում էր արդարացի դատաքննության իրավունքի 6-րդ հոդվածը, ինչպես նաեւ 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, որը սեփականության իրավունքին է առնչվում: Ենթադրում եմ, որ հենց այս 3 խնդիրների շրաջանակներում պետք է դիմումը լինի, բայց ավելի մանրամասն կկարողանանք տեղեկանալ, երբ որ ստանանք հարցերը: Սովորաբար դատարանը դիմումը կոմունիկացնելիս Կառավարությանը հարցեր է տալիս:

-Հաշվի առնելով այդ հիմքերը, որոնք արդեն իսկ վկայակոչվել են միջանկյալ պահանջում, նախնական կարծիք կարո՞ղ եք ասել՝ հիմնական հայցը կստանա՞ բավարարում, թե՞ ոչ:

-Վաղ է դրա մասին խոսել եւ ես չէի ուզենա մինչ դիմումը ներկայացնելը ենթադրություն անել:

-Գիտե՞ք ինչու եմ այդ մասին հարցնում. նկատի ունեմ Սահմանադրական փոփոխությունների այս ամբողջ գործընթացում դուք տեսնո՞ւմ եք որեւէ բացթողում, որը կարող է այսպես ասած բռնվելու տեղ հանդիսանալ եւ դրա հիման վրա Հայաստանի դեմ որոշում կայացվի:

-Ճիշտն ասած, որպես Եվրոպական դատարանում Կառավարության ներկայացուցիչ չէի ուզենա այդ մասով գնահատականներ տալ: Երբ որ ներկայացվեն փաստարկները՝ ըստ դրա կորոշենք: Բնականաբար չեմ բացառում ոչ մի բան, բայց չեմ էլ ուզում ինչ-որ գնահատականներ տալ, որը կարող է Կառավարության անունից պատասխաններ գրելիս ինձ հետագայում սահմանափակել:

Շարունակությունը՝ armtimes.com-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով