ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել վերանայել Ադրբեջանին ու Հայաստանին տրվող օգնության չափերը |factor.am|

factor.am: ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան անդրադարձել է վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ կոչ անելով վերանայել Ադրբեջանին տրվող աջակցությունը, ինչպես նաև ավելացնել Հայաստանին տրվող օգնության չափը։

Կոնգրեսականի ելույթը հրապարակել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Ջիմ Կոստան, մասնավորապես, ասել է․ «Հուլիսի 12-ից սկսած՝ ադրբեջանցի զինվորները մոտեցել են հայկական սահմանին և Տավուշի մարզում կրակ բացել քաղաքացիների ուղղությամբ: Դրանից հետո հակամարտությունը, ցավոք, սրվել է:

Ադրբեջանական ուժերը հարվածել են հայկական դպրոցներին, գործարաններին․ այն գործարանին, որն արտադրում է համավարակի ընթացքում այդքան անհրաժեշտ անձնական պաշտպանիչ միջոցներ։ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Հիմա, առավել քան երբևէ, կենսական կարևորություն ունի Արցախի հետ խաղաղության հաստատման ուղղությամբ աշխատելը: Անմիջապես պետք է վերանայվի անվտանգության հարցում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող աջակցությունը, քանի որ Ադրբեջանի գործողությունները համապատասխան չեն։

Ինչպես նաև պետք է ավելացվի Հայաստանին տրվող օգնությունը՝ Ադրբեջանի այս ագրեսիային դիմակայելու համար: Երեկվա հատկացումների օրինագծում 20 միլիոն դոլար է ավելացվել Հայաստանին տրվող գումարին։ Գործընկերներիս հորդորում եմ աջակցել օրինագծին և անհապաղ քայլեր ձեռնարկելու կոչ անել ՝ դատապարտելով Ադրբեջանի խայտառակ գործողությունները»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն