tert.am: Այսօր Կառավարության դիմաց մի քանի տասնյակ Մերգելյանի գյուղատնտեսական շուկայի առևտրականներ ակցիա էին իրականացնում: Ըստ ակցիայի մասնակիցներից մեկի՝ իրենց պահանջն այն է, որ տարածք չեն հատկացնում իրենց: Նրանց պատճառաբանել են, թե այն տարածքը, որտեղ ցանկանում են առևտուր իրականացնել, կխանգարի հարակից առևտրականներին:
«Նախկինում մեր ապրանքը շատ էժան գնով տվել ենք վերավաճառողներին, որոնք հետո խանութ են տարել ու թանկ վաճառել: Մենք ուզում ենք՝ մեր շուկան աշխատի: Եթե նախկինում գյուղնախարարությունը բացել է այս շուկան, ուրեմն ինչ-որ իմաստ է ունեցել, մոտ 250 մարդ հիմա այս խնդրի առաջ է»,- ասաց նա և հավելեց, որ բոլոր մարզերից առևտրականներ են եկել՝ իրենց խնդրին լուծում տալու:
«Նախքան Կառավարության մոտ գալը շատ ելքեր են փնտրել, ապարդյուն, ոչ մի լուծում չի եղել: Արաբկիրի առևտրի բաժնի պետի հետ ենք խոսել, հասկացանք, որ անիմաստ է, իր միջոցով ոչնչի չենք հասնի, նա կտրականապես հրաժարվեց այդ տարածքը մեզ տրամադրել»,- ներկայացրեց նա:
Բողոք ունեցող անձանցից մեկն էլ նշեց, որ դիմել են պաշտոնյաների, սակայն մեկ ավագանու անդամ է արձագանքել նրանց, սակայն որևէ փոփոխություն չի եղել: Ըստ նրա՝ ամբողջ խնդիրն այն է, որ տարածքում սուպերմարկետ ու բանջարեղենի կրպակներ կան, սակայն իրենց տոնավաճառը ոչ ոքի չի խանգարել, նույնիսկ զբոսաշրջիկներին է հետաքրքրել: «Մերգելյանի տոնավաճառի չաշխատելը մեզ շատ վնասներ է տվել, քանի որ մեծ ներդրումներ ենք կատարել մեր ապրանքի համար, վարկեր ենք վերցրել»:
Ակցիայի մասնակիցներից մյուսն էլ շեշտեց, որ Կառավարությունն այս խնդրի մասին տեղյակ չէ, թաղապետարանն է խոչընդոտ հանդիսացել:
Տոնավաճառի փակման դեմ ակցիայի և շուկայի կազմակերպչական աշխատանքները ղեկավարող Հայկ Բաղդասարյանը ներկայացրեց, որ խնդրի համար սկսել են պայքարել դեռ հունվարից և խնդիրներ են եղել թաղապետարանի հետ և բանակցությունների արդյունքում պարզ է դարձել, որ Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանը հաստակ նշել է, որ տարածքն այլևս չի տրամադրվի տոնավաճառին՝ պատճառաբանելով, թե հարակից տնտեսվարողները բողոքում են տարածքում առաջացող խցանումներից:
Ավելին՝ tert.am-ում