lragir.am: Այսօր Կամարիս գյուղում «Ռոք Բերի» ջերմոցային տնտեսությունում շրջայց կատարելու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում կադրերի պակասի խնդրին։ Ջերմոցային տնտեսության սեփականատերն ասաց, որ կլիմայի ինժեների, բույսերի պաշտպանի ու գյուղատնտեսի պակաս կա։ Հոլանդիայից ու այլ երկրներից են մասնագետներ հրավիրել՝ բարձր աշխատավարձերով։
«Այդ երեք մասնագիտությունները, որ հնչեցրիք, ես չգիտեմ՝ Հայաստանի դպրոցների քանի՞ տոկոսում է, որ հնչում են այս մասնագիտությունները, գոնե ինչ-որ տեղ գրա՞ծ է, որ էդպիսի մասնագիտություններ կան։ Մեր ուսանողները պետք է իմանան, որ բացի իրավաբանից ու տնտեսագետից, այլ մասնագիտություններ էլ կան»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ բացառված է, որ լավ մասնագետը վատ ապրի այսօր Հայաստանում։
Նա նշեց՝ եթե գյուղացիների բարձրացրած բոլոր խնդիրներն էլ լուծվեն, միևնույն է, իրենց բարեկեցությունը չի փոխվելու։ Դրա համար պետք է տեխնոլոգիայի փոփոխություն լինի, սկզբում մտածելու, ընկալման տեխնոլոգիայի փոփոխություն լինի, թե ոնց ենք մեզ ու շրջակա միջավայրն ընկալում։ Պետք է առնվազն երեք լեզու իմանալ։ «Իմ պրակտիկայում շատ է եղել, գալիս են, ասում են՝ երեխեն ինստիտուտ ա ավարտել, բարձրագույն կրթության դիպլոմով չի կարում գործ գտնի։ Ասում եմ՝ քանի լեզու գիտի, ասում են՝ չգիտի լեզու։ Ուրեմն ինքը չունի բարձրագույն կրթություն, որովհետև ժամանակակից աշխարհում ունենալ բարձրագույն կրթություն ու գոնե չիմանալ երկու օտար լեզու, դա նշանակում է թերի համալսարան գնացած-եկած լինել»,- հավելեց Փաշինյանը։
Վարչապետը նաև հավելեց՝ առանց անգելերեն ու ռուսերեն իմանալու այսօր մոշ աճեցնել հնարավոր չէ։ «ԵԱՏՄ շուկան է մեր ամենամեծ շուկան, պատկերացրեք՝ մարդը ռուսերեն չգիտի ու ուզում է մոշ աճեցնել, չի կարող»,- ասաց նա։