Նավալնուն Գերմանիա տեղափոխելուց առաջ Ֆինլանդիայի նախագահը Պուտինի հետ քննարկել է այդ հարցը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն հայտնել է, որ ինքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն Գերմանիայում բուժելու հնարավորության թեմայով: Այս մասին տեղեկացնում է dw.com-ը։

Նինիստյոյի խոսքով՝ նա հարցրել է Պուտինին, թե արդյո՞ք հնարավոր է Նավալնուն բուժման նպատակով տեղափոխել Գերմանիա, իսկ Ռուսաստանի ղեկավարը պատասխանել է, որ դրա համար քաղաքական խոչընդոտներ չկան: Ֆինլանդիայի նախագահը հավելել է, թե ինքը շատ ուրախ է, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» (Фонд борьбы с коррупцией) ստեղծողն այժմ Գերմանիայում է, որտեղ բուժում է ստանում։

Ֆինլանդիայի նախագահը, սակայն, չի մանրամասնել, թե արդյո՞ք նրա միջնորդությունը որոշիչ դեր է խաղացել Նավալնուն Գերմանիա տեղափոխելու որոշումը կայացնելու հարցում: 

Հիշեցնենք, այսօր առավոտյան Օմսկից Ալեքսեյ Նավալնուն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեռլինի Տեգել օդանավակայանում։ Բեռլինի  «Charite» համալսարանական կլինիկայի մասնագետները սկսել են հետազոտել ռուս ընդդիմադիր քաղաքական գործչին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter