ԱՄՆ-ում կրկին զանգվածային անկարգություններ են սկսվել ոստիկանների կողմից ևս մի աֆրոամերիկացու հրազենային վիրավորում հասցնելու համար |tert.am|

tert.am: ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Կենոշա քաղաքում ոստիկանները հրազենային վիրավորում են հասցրել աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքին, որից հետո քաղաքում զանգվածային անկարգություններ են սկսվել․ իշխանությունները պարետային ժամ են հայտարարել, գրում է CNN-ը։ 

Դեպքը տեղի է ունեցել կիրակի, երբ 29-ամյա Բլեյքը փորձել է միմյանց հետ վիճող երկու կնոջ իրարից բաժանել։ Տղայի ընկերուհու՝ Լակեշ Բուքերի խոսքով՝ նրա մոտ զենք չի եղել, իսկ ոստիկանները նրա վրա կրակել են թիկունքից։ Վիրավոր անձը տեղափոխվել է Միլուոքիի հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր։ 

Նշվում է, որ հաջորդ օրը քաղաքում անկարգություններ ու թալան է սկսվել, ինչի հետ կապված՝ քաղաքային իշխանությունները մինչև երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 07:00-ը պարետային ժամ են հայտարարել։ 

Քաղաքային ոստիկանական գերատեսչությունից հայտնել են, որ նման քայլը ձեռնարկվել է «թալանի բազմաքանակ դեպքերի հետևանքով»։ Ցուցարարները քաղաքային դատարանի դռներն են կոտրել, հրդեհել են մի քանի շենք ու մեքենա։ 

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ իշխանությունները պատրաստվում են քաղաքային շրջան Ազգային գվարդիայի ուժեր մտցնել։ Վիսկոնսինի նահանգապետ Թոնի Էվերսը, թվիթերյան էջում մեկնաբանելով Կենոշա քաղաքում կատարվող իրադարձությունները, նշել է, որ «ռասիզմը հասարակության ճգնաժամային վիճակն է ցուցադրում, և ժամանակ կորցնել չի կարելի»։

Իսկ քաղաքապետ Ջոն Անթառամյանը մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է, որ Բլեյքին վիրավորած ոստիկանության աշխատակիցները գումարի բացակայության պատճառով իրենց մարմնին փակցված տեսագրման սարքեր չեն ունեցել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն