Ադրբեջանցիները նպատակ են ունեցել ցույց տալ, որ իրենք նվաստացնում են մեր քաղաքացուն․ Արա Ղազարյան |hetq.am|

hetq.am: Գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսանյութը հրապարակելով՝ ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդել ոչ թե տեղեկատվություն տարածել, այլ ցույց տալ զինված հակամարտության մյուս կողմին, թե ինչպես է նվաստացվում նրանց զինծառայողը, և դա մտնում է Ադրբեջանի իշխանությունների հայատյացության ընդհանուր քաղաքականության մեջ: Այսպիսի կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:

Հիշեցնենք` օգոստոսի 23-ի երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է, իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայ սպան մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում, որտեղ էլ և գերեվարվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մոլորված հայ սպային ներկայացրել է որպես դիվերսանտ, իսկ այդ մասին տարածված տեսանյութի մեջ Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ ցուցաբերվում է նվաստացուցիչ վերաբերմունք:

Ի տարբերություն Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի հանդիսացող քաղաքացիական անձանց, Գուրգեն Ալավերդյանը զինծառայող է, և տվյալ դեպքում, ըստ Արա Ղազարյանի, գործընթացների համատեքստը որոշակիորեն փոխվում է, չնայած դա չի նշանակում, որ մարդու հիմնարար իրավունքները չպետք է հարգվեն:

«Տեսանյութի վերաբերյալ մեծ վերապահումներ կան: Եթե այն նույնիսկ հրապարակվում է Ադրբեջանի ժողովրդին տեղեկատվություն տրամադրելու նպատակով, պետք է խիստ սահմանափակումներ կիրառել, մասնավորապես՝ դեմքը շղարշել, բովանդակության մեծ մասը փակել: Պետք է այնպես ներկայացնել, որ չերևա, թե անձը խոցելի վիճակում է գտնվում կամ նվաստացված է, իսկ տվյալ դեպքում նրանք ամբողջ տեսանյութը հրապարակել են, կողքից հայհոյանքներ են հնչում, այսինքն՝ նպատակը ամենևին էլ տեղեկատվություն տարածելը չի եղել»,- ասում է Արա Ղազարյանը:

Փաստաբանի խոսքով՝ այս հարցը կարգավորվում է նաև ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան կոնվենցիայով: Եթե անձը ունի գերու կարգավիճակ, չի նշանակում, որ իրականացվելիք քրեական դատավարության ընթացքում նրա վրա չպետք է տարածվեն դատավորի, փաստաբան ունենալու իրավունքները, իրավական պաշտպանության միջոցները: Արա Ղազարյանը շեշտում է, որ գերիների նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի մարդասիրական սկզբունքներով:

Հարցին, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ միջոցներ կարող է ձեռնարկել տվյալ իրավիճակում, Արա Ղազարյանը պատասխանեց, որ դեռևս կարող են օգտագործվել քաղաքական լծակները:

«Ինչ վերաբերում է իրավական գործընթացներին, ապա պետք է դեռ որոշ ճշգրտումներ անել, որոշել՝ գործընթաց պե՞տք է սկսել, թե՞ ոչ, և եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով»,- նշեց փաստաբանը:

Շարունակությունը՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն