ՍԴ դատավորների գանգատը սահմանված ժամկետում ուղարկվել է ՄԻԵԴ |tert.am|

tert.am: Սահմանադրական դատավորներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի  իրավունքների խախտման վերաբերյալ ՄԻԵԴ գանգատն արդեն ներկայացվել է։ Այս մասին հայտնեց  ՄԻԵԴ-ում ՍԴ դատավորների շահերի ներկայացուցիչ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով՝ գանգատի ներկայացման՝ դատարանի կողմից ժամկետը օգոստոսի 28-ն էր, և այդ ժամկետը պահպանելով՝ պահանջված փաստաթղթերի փաթեթն ուղարկվել է: «Հետագա քայլերի մասին դատարանը նամակագրությամբ կտեղեկացնի և՛ դիմումատուին, և՛ Կառավարությանը»:

Սահակյանի տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ-ին ուղարկված գանգատով վիճարկվում է Կոնվենցիայով երաշխավորված 5 հոդվածի խախտում: «Արդար դատաքննության իրավունքը, քանի որ արդարադատության իրականացումը մերժվել է, մասնավոր և մասնագիտական կյանքի պաշտպանության իրավունքը, քանի որ մասնավոր և մասնագիտական կյանքի միջամտություն է տեղի ունեցել, որը եղել է ոչ օրինական ընթացակարգերով և չի հետապնդել իրավաչափ նպատակ»,- մանրամասնեց Սահակյանը՝ նշելով, թե ամբողջ գործընթացում ՍԴ դատավորները ենթարկվել են խտրականության։

«Բարձրաձայնվել են նաև սեփականության իրավունքի պաշտպանության հարցերը, Հայաստանում իրավական պաշտպանության միջոցների բացակայության խնդիրը»,-հավելեց նա՝ ընդգծելով, թե նշված իրավունքների խախտումներն իրականացնելիս պետությունը ձևականորեն վկայակոչել է իրավական ընթացակարգեր, սակայն դրանց հետևում ոչ թե իրավական, այլ՝ դրանից տարբերվող, մասնավորապես՝ քաղաքական նպատակներ են եղել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև