Խորհրդանշական է, որ այսօր պարգևատրվում են մեր ազատամարտի առաջին սերնդի և այժմյան սերնդի ներկայացուցիչը. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևներ հանձնվեցին  հանդիսավոր պայմաններում:

Պարգեւատրման արարողության վերջում ելույթ ունեցավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ելույթի ավարտին խոսքը փոխանցելով ՀՀ վարչապետին:

ՀՀ վարչապետի խոսքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Շատ հուզիչ եւ կարեւոր միջոցառում է: Կարծում եմ, ամենակարեւոր խորհուրդը այն է, որ մենք մեր պատմությունը չենք մոռանում: Մենք, իհարկե, ամեն օր, ամեն ժամ նայում ենք ապագային, բայց այդ ապագան ճիշտ կառուցելու համար պետք է ճիշտ գնահատել նաեւ անցյալը:

Շատ խորհրդանշական է, որ այսօր պարգեւատրվում են Արցախի հերոսի կոչմամբ մեր ազատամարտի առաջին սերնդի ներկայացուցիչն ու այժմյան ներկայացուցիչը՝ անցյալի եւ ներկայրի իրենց ծառայությունների համար: Կարծում եմ, այսօրվա միջոցառումը ձայնակցում եւ ներդաշնակվում է երեկ Սարդարապատում տեղի ունեցած միջոցառման հետ: Ընդ որում, ինչպես ասեցիք, պարոն Հարությունյան, Սարդարապատը շատ սիմվոլիկ տեղ է մեր ժողովրդի պատմության, ազատամարտի պատմության համար, բայց Ստեփանակերտը պակաս սիմվոլիկ տեղ չէ:

Այստեղ էլ մենք ունենք խորհուրդ՝ առաջին հանրապետության հիմքում դրված իրադարձություն՝ Սարդարապատ եւ երրորդ հանրապետության ձեւավորման, ազատ Արցախի ձեւավորման ամբողջություն, որը շատ կարեւոր է:

Ուզում եմ ընդգծել, որ վերջերս մենք ասում էինք՝ պիտի գնահատենք մեր արժեքները, անցյալի պատմության, նոր եւ նորագույն պատմության արժեքները:

Երեկ Ազգային հերոսի կոչում ստացած պարոն Սանամյանը սիմվոլն է մեր պատմության: Նա երեկ պարգեւատրվել է եւ այսօր շարունակում է կատարել իր պարտքը՝ հայրենիքի պաշտպանության գործում: Սա նոր սիմվոլ է:

Ես համոզված եմ, որ այսօր մարտի գնացող եւ սխրանքներ կատարող մեր զինվորները, սպաները, գեներալները իրենց աչքի առաջ ունեն անցյալի հերոսներին եւ սա մի ամբողջական գործ է, ամբողջական անելիք, որը մենք պետք է անենք միասին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն