tert.am: ՌԴ-ում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2020»-ի շրջանակներում կազմակերպված «Անվտանգ միջավայր» քիմիական հետախուզման անձնակազմերի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուս զինվորականների թիմը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, երկրորդ տեղը կիսել են Չինաստանի և Բելառուսի թիմերը, իսկ երրորդը՝ Հայաստանի և Ուզբեկստանի: Գավաթներն ու մեդալները հաղթողներին հանձնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:
«Միջազգային բանակային խաղերը զարգանում և կատարելագործվում են, և այսօր տեսնում ենք, որ մրցումներն առավել բարդ են դարձել, սակայն մասնակիցների վերապատրաստումը թույլ է տալիս բոլորին`առանց բացառության, հաջողությամբ հաղթահարել դժվարությունները»,- ասել է Պանկովը մրցանակաբաշխության ժամանակ:
Նրա խոսքով՝ մեծ թիվ են կազմում մասնակիցները, հատկապես լավ են ներկայացված արտասահմանյան բանակները:
«Այս ամենում առաջին հերթին տեսնում ենք ոչ թե մրցակցություն, այլ բարեկամական կապերն ու ռազմատեխնիկական համագործակցությունն ամրապնդելու իրական հնարավորություն»,- հավելել է փոխնախարարը: