Ցույց կտանք, որ Արցախը համապատասխանում է միջազգային ճանաչման չափանիշներին. ՀՀ-ում ԱՀ ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am:  «Արմենպրես»-ը պաշտոնամուտի կապակցությամբ զրուցել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ:

Սերգեյ Ղազարյանն ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, աշխատել է Արցախի Հանրապետության ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտասահմանում ԱՀ մշտական ներկայացուցչությունում, ընտրվել է Արցախի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 

– Պարոն Ղազարյան, որո՞նք են լինելու Ձեր գործունեության առաջնահերթությունները: Ի՞նչ նորություններ եք մտցնելու մշտական ներկայացուցչի աշխատանքում: Եվ ընդհանրապես հետաքրքրիր է իմանալ դե-յուրե չճանաչված հանրապետության ներկայացուցչի գործունեության առանձնահատկությունների մասին: 

– Խոսելով մեր ներկայացուցչության առաջնահերթությունների մասին` կցանկանայի նախ և առաջ նշել երկու հայկական պետությունների միջև ինտեգրացիոն գործընթացների խորացումը՝ առաջնորդվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թթ. ծրագրով և մեր ընդհանուր ապագայի վերաբերյալ այն ըմբռնումով, որը հաստատուն կերպով ամրապնդվել է ինչպես հանրային գիտակցության մեջ, այնպես էլ՝ իշխանությունների տեսլականում։

Մեր գործունեության կարևոր ուղղություններից է բարեկամական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը  Հայաստանի Հանրապետությունում ներկայացված  արտասահմանյան պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Ներկայացուցչության կարևոր գործառույթներից մեկն այն է, որ մենք պետք է հավուր պատշաճի ներկայացնենք Արցախի Հանրապետությունը ոչ միայն Հայաստանում, այլ նաև այստեղ գործող տարբեր կազմակերպությունների միջոցով տեղեկություն հասցնենք Արցախի մասին ամբողջ աշխարհին: Օրինակ` Հայաստան այցելող շատ գործարարներ  Արցախի հետ տնտեսական կապեր հաստատելու կամ մեր երկիր այցելելու  որոշում այստեղ են կայացնում:

Ինչ վերաբերում է չճանաչված հանրապետության ներկայացուցչի աշխատանքի առանձնահատկություններին, ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ մենք կներդնենք առավելագույն ջանքեր և գործնականում կփորձենք ցույց տալ, որ դե ֆակտո գոյություն ունեցող Արցախի Հանրապետությունը միջազգային ճանաչման համար համապատասխանում է բոլոր անհրաժեշտ չափանիշներին:

– Ինչպե՞ս եք գնահատում Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջև պաշտոնական փոխհարաբերությունների մակարդակը:

– Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների միջև պաշտոնական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են և հիմնված են ոչ միայն վստահության և փոխըմբռնման, այլ նաև երկու հայկական պետությունների ընդհանուր ապագայի վերաբերյալ տեսլականի վրա։ Այս կապակցությամբ կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը միասնական հայրենիքի երկու բաղկացուցիչներ են։

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը: Դրա հետ մեկտեղ Արցախի ժողովուրդն իր հերթին կանգնած է Հայաստանի հայրենակիցների կողքին: ՀՀ հետ մենք գտնվում ենք անվտանգության միասնական համակարգում, սերտ ինտեգրված ենք ֆինանսա-տնտեսական և իրավական ոլորտներում:

– Այս պահի դրությամբ ինչքանո՞վ է արդիական Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ: 

– Առաջին հերթին կցանկանայի ընդգծել, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ինքնանպատակ չէ, այլ Արցախի անվտանգության ամրապնդման և նրա քաղաքացիների խաղաղ զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոց։ Ահա թե ինչու մենք շեշտը դնում ենք հենց ամբողջ միջազգային հանրության կողմից ճանաչման վրա՝ որպես տարածաշրջանում խաղաղության ապահովման լրացուցիչ քաղաքական և դիվանագիտական միջոց։ Արցախի միջազգային ճանաչմանը միտված գործունեությունը փոխկապակցված քայլերի ամբողջություն է և իրականացվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։ Եվ այսօր՝ սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ կցանկանայի շնորհավորել մեր բոլոր համերկրացիներին և ցանկանալ մեր ժողովրդին ու պետությանը բարեկեցություն, խաղաղ երկինք և բարգավաճում:

Միևնույն ժամանակ Հայաստանի դեմ Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի վերջերս ձեռնարկած ագրեսիան ցույց է տվել անվտանգության բնագավառում երկու հայկական պետությունների համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու արդիականությունը, ինչը հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից։ Այս համատեքստում մենք մեծ նշանակություն ենք տալիս տվյալ ոլորտում համագործակցության իրավական հիմքերի զարգացմանը՝ հաշվի առնելով երկու կողմերի առջև ծառացած անվտանգային ընդհանուր մարտահրավերները։

Ավելին կարդացեք armenpress.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն