hetq.am: Հայաստանի և Արցախի նախկին և ներկա պաշտոնյաներն Արցախում հէկերը շահագործող ընկերությունների բաժնետերեր են: Նրանցից շատերն այսօր արդեն պաշտոնյա չեն, սակայն հէկերի բիզնեսով սկսել են զբաղվել իրենց պաշտոնավարման շրջանում և մինչ օրս հանդիսանում են հէկերի սեփականատերեր։
Նախորդ հոդվածում ներկայացվել է Շահումյանի շրջանում գործող փոքր հէկերի սեփականատերերին: Այժմ ներկայացնում ենք Քաշաթաղի շրջանի գործող հէկերի սեփականատերերին։
Քաշաթաղի շրջանում է գտնվում Արցախի 31 գործող հէկից 16-ը, և կառուցվում է ևս 9-ը: Արցախում ամենաշատ հէկերը գտնվում են Քաշաթաղի շրջանի հյուսիս-արևմտյան մասով հոսող 75 կմ երկարությամբ Աղավնո գետի վրա: Աղվանոյի վրա գործում է 9 հէկ, ևս երկուսը կառուցվում է։ Քաշաթաղի շրջանում հէկի շահագործման առաջին թույլտվությունը (լիցենզիա) տրվել է 2011 թվականին:
Ովքեր են Քաշաթաղի հէկերի սեփականատերերը
«Էներգո գրուպ» ՍՊԸ
2017 թվականին գրանցված «Էներգո գրուպ» ՍՊԸ-ն Քաշաթաղի շրջանում շահագործում է` մեկ և կառուցում ևս երեք հէկ։
Ընկերության միակ սեփականատերը «Կայծաղբյուր» ՍՊԸ-ն է, որն այսօր շահագործում է 1 հէկ՝ «Կայծաղբյուր 2»-ը։ «Կայծաղբյուր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի օգոստոսին։
Ընկերության բաժնետերերը Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԵՑ) ՓԲԸ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ են։
«Կայծաղբյուր» ՍՊԸ-ի 33.4 %-ի բաժնետերը Լուսինե Ղասաբօղլյանն է՝ Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի տնօրենը: Նա ՀԵՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի կինն է։
Մյուս 33.3 %-ի բաժնետերը Նելլի Հարությունյանն է՝ ՀԵՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի կինը։
Իսկ մնացած 33.3 %-ը պատկանում է Նարինե Ամիրյանին։ Նարինե Ամիրյանն Արցախում տարբեր տարիների տարբեր պետական պաշտոններ զբաղեցրած Անդրանիկ Խաչատրյանի կինն է։ Անդրանիկ Խաչատրյանը եղել է ԱՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, Գյուղատնտեսության նախարար և 2015-2017թթ.՝ Էկոնոմիկայի նախարար։ Անդրանիկ Խաչատրյանն այժմ մասնավոր ընկերություն է ղեկավարում՝ հանդիսանում է «Արցախէներգո» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։ «Արցախէներգոն» հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ։
Ընկերության տնօրենը 26-ամյա Սերգեյ Հարությունյանն է: Նա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի որդին է:
«Էներգո Գրուպի» «Կայծաղբյուր 2» հէկը գտնվում է Քաշաթաղի շրջանի Շալուա և Դրախտաձոր համայնքներում՝ Հոչանց գետի վրա։ Այն Քաշաթաղի ամեհահզոր հէկն է՝ դրվածքային հզորությունը 11.152 մեգավատտ (ՄՎտ), միջին տարեկան արտադրությունը՝ 55.78 մլն կիլովատտ (կՎտ) ժամում։ Հէկի շահագործման թույլտվությունը տրվել է 2019 թվականի դեկտեմբերին՝ 15 տարի ժամկետով, մինչ 2034 թվական։
Ինչպես նշեցինք՝ «Էներգո Գրուպ» ՍՊԸ-ն Քաշաթաղի շրջանում կառուցում է ևս երեք հէկ՝ «Կայծաղբյուր 1»-ը, «Կայծաղբյուր 3»-ը, «Գարանիխ»-ը։
«ԿարՀաս» ՍՊԸ
Աղավնո գետի վրա 2․815 դրվածքային հզորությամբ հէկի թույլտվությունը տրվել է 2017-ից մինչև 2031 թվական։ Ընկերության հիմնադիրը, 100 % սեփականատերը Կարեն Բախշյանն է՝ Պետական եկամուտների կոմիտեի Սիսիանի և Սևանի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Նաիրի Բախշյանի որդին։ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականի սեպտեմբերին։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման՝ Նաիրի Բախշյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի համակուրսեցին է, այդ իսկ պատճառով 2017 թվականին, երբ Հովիկ Աբրահամյանը լքեց վարչապետի պաշտոնը, Բախշյանը ևս, իր դիմումի համաձայն, ազատվեց Սևանի տարածքային հարկային տեսչության պետի պաշտոնից։
«ԿարՀաս» հէկի միջին տարեկան արտադրությունը 19․763 մլն կՎտ ժամ է։
«Իմաստ» ՍՊԸ
ՀՀ նախկին վարչապետն ու հարկային տեսչության նախկին պետն իրենց որդիների միջոցով Աղավնո գետի վրա ևս մեկ հէկ են շահագործում։
Հակ համայնքի տարածքում՝ Աղավնո գետի վրա, 1․864 ՄՎտ դրվածքային հզորությամբ հէկ է շահագործում «Իմաստ» ՍՊԸ-ն։ Ընկերության բաժնետերերն են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը (50 %), Նաիրի Բախշյանի որդին՝ Կարեն Բախշյանը (25 %) և «Արմսվիսբանկ»-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը (25 %)։ Կարեն Բախշյանը նաև «Իմաստ» ՍՊԸ-ի տնօրենն է։
2006 թվականին գրանցված ընկերության հիմնադիրն էլ Բերձորի նախկին քաղաքապետ Արթուր Սահակյանն է։ Ընկերությունը հէկի շահագործման թույլտվություն է ստացել 2015 թվականին՝ մինչ 2030 թվական։ Հէկի միջին տարեկան արտադրությունը 14,3 մլն կՎտ/ժ է։
«Կոնտինենտ» ՍՊԸ
Մշենի և Հոչանց համայնքների տարածքում «Հոչանց-1» անվամբ հէկի շահագործման թույլտվությունը տրվել է 2019 մինչև 2034 թվականը։
Ընկերության սեփականատերերն են Գոհար Թամազյանը և Սերգեյ Զաքարյանը։ Նրանք ընկերությունում ունեն 50-ական տոկոս բաժնեմաս։
Գոհար Թամազյանը ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Արամ Թամազյանի դուստրն է՝ գործարար Իսահակ Սեյրանյանի որդու կինը:
«Կոնտինենտի» «Հոչանց-1» հէկը գտնվում է Քաշաթաղի շրջանի Մշենի և Հոչանց համայնքների տարածքում՝ համանուն գետի վրա։ Դրվածքային հզորությունը 5․76 ՄՎտ է, միջին տարեկան արտադրությունը՝ 43․46 մլն կՎտ/ժ։
«Կոնտինենտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականի սեպտեմբերին։ Ընկերության հիմնադիրը Սերգեյ Մուսայելյանն էր։ Ինչպես հայտնել էինք՝ Մուսայելյանը հանդիսանում էր նաև Արցախի Շահումյանի շրջանում «Լև-2» հէկը շահագործող «Թարթառ էներջի» ՍՊԸ-ի բաժնետեր։ ( Ի դեպ, «Թարթառ էներջի» ընկերության 100 տոկոս բաժնեմասերը գրավադրված են «Արցախբանկ» ՓԲԸ-ում):
Վերջերս «Թարթառ էներջին» ձեռք է բերել «Հիմնաքար» ՓԲԸ-ն:
«Հակարի» ՍՊԸ
Քաշաթաղի շրջանի հարավային թևում ԱՀ նախկին նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Կոմիտաս Կարապետյանն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց կանանց անուններով հէկ են շահագործում։
«Հագարի 2» անվամբ հէկ շահագործող «Հակարի» ՍՊԸ-ի սեփականատերերից է Կոմիտաս Կարապետյանի կինը՝ Մերի Կարապետյանը (25 %)։ Նշենք, որ Կոմիտաս Կարապետյանը նախկինում եղել է ԱՀ բնապահպանության վարչության պետ, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։
Ընկերության բաժնետերերից մեկը Արմենուհի Ղուկասյանն է՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի կինը։ Արմենուհի Ղուկասյանն ընկերությունում ունի 25 % բաժնեմաս։
Մյուս բաժնետերը Էլիզաբեթ Պետրոսյանն է՝ Սյունիքի նախկին մարզպետ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրենների խորհրդի անդամ Վահե Հակոբյանի կինը: Նա ընկերությունում ունի 25 % բաժնեմաս։
Ընկերության բաժնետեր է հանդիսանում նաև Անահիտ Ղալթախչյանը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի կինը: Նշենք, որ Ամբարյանը նախկինում եղել է ՀՀ զինվորական դատախազության հատկապես կարևոր գործերով քննիչ: Անահիտ Ղալթախչյանը «Հակարի» ընկերությունում ունի ևս 25 % բաժնեմաս։
Քաշաթաղի շրջանի Աղանուս և Ծաղկաբերդ համայնքների տարածքում գտնվող այս հէկի շահագործման լիցենզիան տրվել է 2019թ. դեկտեմբերին և գործելու է մինչև 2034 թվականը։ Դրա դրվածքային հզորությունը 8․04 ՄՎտ է, միջին տարեկան արտադրությունը՝ 45․82 մլն կՎտ/ժ։
Ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականի օգոստոսին, որի տնօրենը Վարդան Խաչատրյանն է՝ Արցախում շահագործվող այլ հէկերի սեփականատեր և տնօրեն: Նա 2014-2017թթ. հաշվապահ էր աշխատում ԱՀ կառավարությանն առընթեր բնապահպանության և բնական ռեսուրսների վարչությունում՝ Կոմիտաս Կարապետյանի ղեկավարման տարիներին (2013-2016 թթ.):
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից «Հետք»-ին հայտնեցին, որ Կոմիտաս Կարապետյանն աշխատանքից ազատվել է 2019թ. օգոստոսին՝ իր դիմումի համաձայն։
«Լև Էներջի» ՍՊԸ (նախկին անվանումը՝ «Թարթառ հէկ»)
«Աղավնո» անունով հէկը գտնվում է նույնանուն գետի վրա՝ Ծիծեռնավանք և Մոշաթաղ համայնքների տարածքում։
Հէկը շահագործում է «Լև էներջի» ՍՊԸ-ն։ 2019թ. օգոստոսի 8-ից ընկերության սեփականատերերն են գործարար Գևորգ Խաչատրյանը և նրա կինը՝ Արմինե Ասատրյանը։ Գրանցման պահին (20.02.2014) ընկերության հիմնադիր են հանդիսացել գործարար Սերգեյ Մուսայելյանը և ԱՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության նախկին պետ Կոմիտաս Կարապետյանի կինը՝ Մերի Կարապետյանը։
Սերգեյ Մուսայելյանի և Գևորգ Խաչատրյանի կապը Կոմիտաս Կարապետյանի հետ
Գևորգ Խաչատրյանը Վարդան Խաչատրյանի եղբայրն է, վերջինս նաև Սերգեյ Մուսայելյանի հետ համասեփականատեր էր Շահումյանի շրջանում հէկ շահագործող «Թարթառ էներջի» ընկերությունում։
Վարդան Խաչատրյանը պնդում է, որ «Լև էներջի» ՍՊԸ-ն ու «Աղավնո» հէկը միայն իրենց ընտանիքի բիզնեսն է, որի սեփականատերը եղբայրն ու նրա կինն են: Վարդան Խաչատրյանի խոսքով՝ Շահումյանի շրջանում «Լև-2» հէկը շահագործող «Թարթառ էներջին» ոչ մի առնչություն չունի այլ անձանց հետ, բացի փաստաթղթում նշված սեփականատերերից:
«Աղավնո» հէկի դրվածքային հզորությունը 4.525 ՄՎտ է, միջին տարեկան արտադրությունը 37.99 մլն կՎտ/ժ: Հէկի շահագործման թույլտվությունը տրվել է 2018-ի մարտին՝ մինչ 2033 թվականը։
Քաշաթաղի «դաշնակցության» 4 հէկը՝ Աղավնո գետի վրա
«Սյունիք-1», «Սյունիք-2», «Սյունիք-3», «Սյունիք-4»
«Իզոտոպ Դելտա» ՍՊԸ
Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում Զաբուխ (Աղավնո) գետի վրա 2.55 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Սյունիք-1» հէկը շահագործող «Իզոտոպ Դելտա» ընկերությունը 18 սեփականատեր ունի։
«Իզոտոպ Դելտա» ՍՊԸ-ն 2009 թվականին հիմնադրել են ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Մկրտչյանը և տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանը։
Նրանք նաև հանդիսանում են ընկերության բաժնետերեր և ընկերությունում ունեն 5-ական տոկոս բաժնեմաս։ Բացի նրանցից, ընկերության բաժնետերերի շարքում են Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հովհաննիսյանի որդին` Հայկ Հովհաննիսյանը, (5%) և կինը` Լաուրա Պետրոսյանը (5%): Մյուս բաժնետերերից են ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը (2%), 2013թ. Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ թեկնածու Հովհաննես Սարգսյանը (10 %)։ Ընկերության բաժնետերերից է նաև Հարայեր Սուղմունյանը (7.5%)՝ Դուբայում գործող քաղաքացիական, արդյունաբերական և ռազմարդյունաբերական շինարարության բնագավառում մասնագիտացած հայտնի Քափրիոլ Քընստրակշըն (Capriole Construction) ընկերության հիմնադիրն ու նախագահը։ Հարայեր Սուղմունյանը հանդիսանում է նաև Շահումյանի շրջանում և Լոռու Մարցիգետի վրա գործող հէկերի բաժնետեր։
«Իզոտոպ Դելտայի» տնօրենն է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Հակոբ Մաթիլյանը։ Նրա աշխատավարձը «Իզոտոպ Դելտայում» 2018 թվականին կազմել է 4 200 000 դրամ: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից։ Նշենք, որ Հակոբ Մաթիլյանը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ի համամասնական ցուցակում պատգամավորի թեկնածու էր։
«Սյունիք-1»-ը Քաշաթաղի շրջանի առաջին հէկն է, այն շահագործման թույլտվություն է ստացել 2011 թվականին՝ մինչ 2026 թվականը ժամկետով։ Հէկի միջին տարեկան արտադրությունը՝ 18,25 մլն կՎտ/ժ։
«Պրոտոն» ՓԲԸ
3.255 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Սյունիք-2» անվամբ հէկը շահագործում է «Պրոտոն» ՓԲԸ-ն։ Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականի հուլիսին՝ Լևոն Մկրտչյանի ու Դավիթ Լոքյանի կողմից։ Իսկ ընկերության տնօրենը կրկին ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Հակոբ Մաթիլյանն է։
«Սյունիք-2» հէկը գտնվում է Աղավնո համայնքում՝ Աղավնո գետի վրա։ Հէկի միջին տարեկան արտադրությունը 18,3 մլն կՎտ/ժ է։
Փակ բաժնետիրական ընկերություն լինելու պատճառով չենք կարող ծանոթանալ ընկերության սեփականատերերի ցանկին, քանի որ ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը ՓԲԸ-ների գրանցամատյան չի վարում։ Սակայն ՀՀ ԿԸՀ 2018թ. հայտարարագրից պարզ է դառնում, որ «Պրոտոն» ընկերությունում շահաբաժին (բաժնեմաս) ունի Հակոբ Մաթիլյանը, այն կազմել է 3 960 000 դրամ, իսկ աշխատավարձը՝ 4 200 000 դրամ։
«Դա, կարելի է ասել, զուտ քաղաքական կեցվածքի հարց է՝ վստահեցնելու նաև մեր այստեղի ժողովրդին, որ մենք իրենց մեջքին ենք, Սփյուռքը իրենց մեջքին է, և դա փոխադարձ վստահությամբ է գալիս։ Այսինքն՝ Ղարաբաղի իշխանությունները վստահեցնում են, որ այս տարածքները մերն են ու մնում են, ժողովուրդը այստեղ է և մնում է, և Սփյուռքից հնարավորը պիտի անեն, որպեսզի ժողովուրդը կարողանա մնալ և բազմանալ»,- այս մասին հայտնել էր ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ «Սյունիք-2»-ի բացման օրը։
Հէկը բացվել է 2012թ․ մայիսի 18-ին՝ ի նշանավորումն Բերձորի ազատագրման օրվա։ Հէկի բացմանը ներկա էին Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Ալֆամագ» ՓԲԸ
2013 թվականից 1.728 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Սյունիք-3» հէկը շահագործող ընկերությունը 2011 թվականին հիմնադրել է Վահե Հարթունի Հարթունյանը։ Այն գտնվում է Աղավնո համայնքում՝ Աղավնո գետի վրա։ Հէկի միջին տարեկան արտադրությունը 13,9 մլն կՎտ/ժ է։
Ընկերության ՓԲԸ լինելու պատճառով դարձյալ կարող ենք իմանալ միայն ընկերության հիմնադրի ու տնօրենի անունները։
«Ալֆամագ» ՓԲԸ-ի տնօրենը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Հակոբ Մաթիլյանն է, որը նախկինում ՀՀ բնապահպանության փոխնախարարն էր։ Ըստ 2018 թվականի հայտարարագրի՝ նա ընկերությունում նաև բաժնեմաս ունի. այդ տարի ՓԲԸ-ում աշխատավարձը կազմել է 1 200 000 դրամ, իսկ շահաբաժինը՝ 1 800 000 դրամ։
Արցախի հանրային հեռուստատեսության վերոնշյալ ռեպորտաժում ասվում է նաև, որ եթե «Սյունիք» անունը կրող առաջին երկու հիդրոէլեկտրակայանները համատեղ ուժերով են կառուցվել, ապա «Սյունիք-3»-ը՝ բացառապես սփյուռքահայերի ներդրումների արդյունքում։
«Նետրինո» ՓԲԸ
ՀՅԴ բարձրաստիճան ներկայացուցիչներն ու Հայաստանի նախկին պաշտոնյաները Աղավնո գետի վրա ևս մեկ հէկ են շահագործում։
«Նետրինո» ՓԲԸ-ի «Սյունիք-4» հէկը գտնվում է Մոշաթաղ համայնքում։ 2․4 ՄՎտ դրվածքային հզորությամբ հէկի միջին տարեկան արտադրությունը 17․09 մլն ԿՎտ/ժ է։ Ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին և հէկի շահագործման թույլտվությունը ստացել 2013-ին՝ մինչ 2028 թվականը։
«Աղավնոյի վրա 4 հէկից բաղկացած համակարգի արժեքը 10 միլիոն ԱՄՆ դոլար է»,- ասվում է հէկի շահագործման մասին պատմող ռեպորտաժում։
Ընկերության հիմնադիրներն են Հայաստանի գյուղատնտեսության և տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, Լոքյանի ազգական Սուրեն Դոշոյանը, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանը, Հարայեր Սուղմունյանը, Հակոբ Մաթիլյանը։
Ընկերության տնօրենը Սուրեն Դոշոյանն է։
Շարունակությունը՝ hetq.am-ում











