hetq.am: Տեղումների աննախադեպ քանակ, խցանված ջրահեռացման համակարգ՝ այս ամենի հանրագումարը ստեղծեց աղետալի մի վիճակ, որը Գյումրու պատմության մեջ կհիշվի «հուլիսի 13-ի մեծ սելավ» անունով:
Օդերեւութաբանների տված գնահատականի համաձայն, այդ օրվա տեղումների քանակը գերազանցել էր մեկ ամսվա ընդունված նորմը՝ 46 մմ-ը:
Մեկ ժամում տեղացել էր 81 մմ եւ 12 մմ կարկուտ: Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն այդ օրը ստացել էր 780 ահազանգ շենք-շինությունների, նկուղների, հողամասերի, խանութների ջրալցումների, կամուրջի տակ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Փրկարարների ու քաղաքացիների ջանքերով, սելավի ստեղծած արգելափակումից դուրս էր բերվել 130 մեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել էր անվտանգ վայր, գործի էին դրվել համայնքապետարանի 5 միավոր տեխնիկան եւ «Մայր Հայաստան» հուշահամալիրի հանգստյան գոտու նավակները: Սելավների մշտական թիրախ հանդիսացող «Ավտոկայարան» տնակային թաղամասն այս անգամ առավել ողբալի վիճակում էր հայտնվել՝ քանդվել են տներ եւ տնակային մանկապարտեզը: Այս ամենի համապատկերում միակ սփոփանքն այն էր, որ չեղան մարդկային զոհեր:
«Աղետները հնարավոր է կառավարել, գուցե ոչ բոլորը, բայց գոնե մի մասը հնարավոր է,- ասում է բնապահպան Գեւորգ Պետրոսյանը,- ուղղակի պետք է հասկանալ մարդկային անզորության սահմանը խելքի՞ց է, թե՞ անճարությունից: Մենք պիտի հաշվի առնենք մի բան, որ կլիմայի փոփոխություններն իրենց հետ բերում են եղանակային ծայրահեղ դրսեւորումներ: Այսինքն, կարող են մի տարի լինեն պտտահողմեր, մի տարի՝ կարկտահարություն, մի տարի՝ առատ անձրեւներ եւ այլն: Միջամտելով բնության գործերին՝ պիտի հասկանանք, որ դա անհետեւանք չի անցնելու: Երբ ասում եմ կառավարել աղետները, նկատի ունեմ hնարավորինս մեղմել եւ առանց վնասների հաղթահարել դրանք: Կոնկրետ սելավների հարցը հնարավոր է լուծել. պետք է հնարավորինս իդեալականի մոտ ջրահեռացման համակարգ ունենալ»:
Քաղաքի ջրահեռացման եւ կոյուղատար ցանցի թողունակությունն, ըստ բնապահպանի, հաշվարկված է եղել 50 տարվա կտրվածքով եւ, բնականաբար, հաշվի չի առնվել 88-ի ավերիչ երկրաշարժն ու դրան հետեւած տարիների անտեր վիճակը: «Բնական աղետը կառավարելու բանաձեւը պարզ է՝ մաքրել, փոխել, նորոգել ջրահեռացման համակարգը, կատարել ուսումնասիրություններ, հասկանալ քաղաքի խոցելի հատվածները: Փողոցն ասֆալտելուց առաջ, այսինքն արտաքին երեսը սիրունացնելուց առաջ պետք է նայել խորքը»,- պնդում է բնապահպանը:
Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում խոսակցությունները, որ Գյումրուն սահմանակից գյուղական համայնքներում (Ազատան, Հայկավան, Ոսկեհասկ, Ախուրյան, Մայիսյան) տեղադրված հակակարկտային կայանների քանակի ավելացումով պայմանավորված` կարկտաբեր ամպերը, տարբեր հատվածներից քշվելով, կուտակվում են քաղաքի գլխին: Գեւորգ Պետրոսյանը որոշակի կարծիք չունի, միայն նկատում է, որ իր տեղեկություններով հակակարկտային կայանների գործառույթը կարկտաբեր ամպերը անձրեւաբերի վերածելն է: «Հիշյալ տեսությունը քիչ հավանական է, սակայն մյուս կողմից էլ որքան գիտեմ, այս տարի, կարկտախառը անձրեւների ժամանակ Գյումրու մերձակա գյուղական համայնքների ցանքսերը հիմնականում չեն տուժել: Գուցե դրանով է պայմանավորված նմանատիպ հարցադրումը»:
Գյումրի քաղաքի Գրիբոյեդով փողոցում, որի երկարությունը 240 մետր է, հիմնանորոգման աշխատանքներ են սկսվել: Մինչեւ բուն ասֆալտապատումը, շինարարը նախ ջրահեռացման համակարգն է կառուցում, որից ընդհանրապես զերծ է եղել փողոցը: Սա է պատճառը, որ տեղումների ժամանակ փողոցում կուտակված սելավաջրերը մշտապես լցվել են հարակից տների նկուղները: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասում է, որ 2017թ.-ի վերջին սկսված ու 2018թ.-ից մեծ թափ ստացած փողոցաշինությունը միտված է լուծելու ոչ միայն բարեկարգ փողոցներ ունենալու, այլեւ ջրահեռացման համակարգերի այնքան չարչրկվող հարցը: ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինությանը զուգահեռ, Կառավարության սուբսիդավորմամբ, Գյումրիում միաժամանակ սկսվել են 17 փողոցների հիմնանորոգում: Ծրագրի արժեքը 1 մլրդ դրամ է, որտեղ համայնքի ներդրումը կազմում է 500 մլն դրամ:
«Նախկին տարիներին կար վատ փորձ, երբ արվում էր ասֆալտապատումը, հետո լինում էր խողովակների վթար, ջրմուղը քանդում էր փողոցը, կամ սելավից էին լինում խցանումներ: Հիմա, մինչեւ բուն աշխատանքներին անցնելը, տեղում աշխատում են ջրմուղի, ՀԷՑ-ի աշխատակիցները: Ուսումնասիրվում են բոլոր կոմունիկացիաները, որոնք ստորգետնյա են, տրվում է գնահատական, շտկումներ են արվում, մինչեւ էդ բոլորը չի ավարտվում, ասֆալտապատման թույլտվություն չի տրվում»,- վստահեցնում է քաղաքապետը:
Սակայն նման խիստ մոտեցում ցուցաբերվում է միայն ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցների հիմնանորոգման ժամանակ, սուբսիդավորված ծրագրերում որոշ բաղադրիչներ բացակայում են: Օրինակ՝ Նորավան թաղամասի Հունան Ավետիսյան փողոցում սկսված փողոցաշինության նախագծանախահաշվային փաստաթղթերում կոյուղատարի նորացում նախատեսված չի եղել, թեպետ 50 տարվա հնության ցանցը խցանված է ու մշտական գլխացավանք է բնակիչների համար:
Թաղամասում կան տներ, որ օգտվում են սեպտիկ հորերից: Գյումրիում եւս մի քանի փողոցներ չունեն կոյուղատար, սրանք առայժմ ընդգրկված չեն փողոցաշինական ծրագրերում, սակայն, եթե նման սկզբունքով պիտի հիմնանորոգվեն, ապա ապագայում խնդիրների կրկնությունից անհնար է լինելու խուսափել:
Սամվել Բալասանյանն ասում է, որ հեղեղումներ էլի էին եղել, դարձյալ ջրերը լցվել էին մարդկանց տները, բայց չէր եղել դեպք, որ կուտակված ջրի սյունը մի քանի մետր լիներ, կարկուտն էլ այնքան գար, որ ջրի քաշվելուց հետո տարածքը նմանվեր սառցադաշտի: «Մեզ հայտնեցին, որ մեկ ժամում մեկ ամսվա նորմա է տեղացել, պարզ է, որ ոչ մի ջրահեռացման համակարգ չէր հասցնելու էդքան ջուրը հեռացներ: Իհարկե, մենք ունենք հեղեղատարների խնդիր, կա Գյումրի գետակի մշտապես կեղտոտվող հունը: Ի վերջո, էդ բոլոր ջրերը էդ գետակով են հեռացվում: Մենք ամեն անգամ մաքրում ենք, բայց մարդիկ շարունակում են աղբը լցնել, կեղտոտել, հունը նեղանում է, հետո էլ դժգոհում են, որ սելավը լցվում է տները»,- նկատում է Սամվել Բալասանյանը:
Հեղեղումների առումով քաղաքի կույր աղիքը համարվող մի քանի հատվածներից երկաթգծի կայարանամերձ հրապարակն, ըստ համայնքի ղեկավարի, հորդառատ անձրեւների ժամանակ նման տեսք է ունեցել նաեւ խորհրդային տարիներին: «Մենք արդեն մրցույթ ենք հայտարարել, կայարանամերձ հրապարակը կառուցվելու է ՎԶԵԲ-ի ծրագրով, էնտեղ արդեն հարցի լուծումը տված է, ջրահեռացման համակարգը բերելու ենք, միացնենք Դուդկո փողոցի ջրահեռացման համակարգին: Հաջորդ տարի մենք կունենանք բարեկարգ, հիմնանորոգված հրապարակ, որ կլինի Տիգրան Մեծ փողոցի հետ համահունչ եւ չենք ունենա ջրակուտակումներ»:
«Ավտոկայարան» թաղամասը, որ գտնվում է Գյումրի գետակի բաց հունի հարեւանությամբ եւ մշտապես ենթարկվում է սելավաջրերի ողողումներին, ըստ Գյումրու գլխավոր հատակագծի, նախատեսված էր որպես կանաչ գոտի՝ հաշվի առնելով տեղադրությունը եւ վերը թվարկած պրոբլեմները: Սակայն տարիների ընթացքում, ժամանակավոր տնակների տեղադրմանը զուգահեռ, այստեղ հայտնվել են քարաշեն բնակելիներ, որոնց մի մասը հետագայում սեփականաշնորհվել են: Քաղաքապետի փոխանցմամբ, Գյումրու գլխավոր հատակագիծը վերանայելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ քաղաքը զարգանում է, տարիների ընթացքում կառուցապատման առումով էլ են փոփոխություններ գրանցվել: Ըստ այդ տրամաբանության, «Ավտոկայարան» թաղամասի նախկին նշանակությունը կփոխվի եւ այնտեղ կթույլատրվի կառուցապատում: Սամվել Բալսանյանը դժվարացավ ասել, թե նախկինում սահմանված կանաչ գոտուց քանի՞ տոկոսը կպահպանվի, եւ արդյո՞ք կնախագծեն այնպիսի թաղամաս, որը զերծ կլինի իր իսկ մատնանշած «կույր աղիքի» կարգավիճակից:
Երկրաշարժից հետո Գյումրիում արգելեցին 4 հարկից բարձր կառույցներ ունենալ՝ հաշվի առնելով սեյսմիկ իրավիճակը: Շինարարության առումով էլի սահմանափակումներ կան, որոնք 10 տարի առաջ շրջանցվեցին Գլենդել հիլզի կողմից Մուշ թաղամասի բազմահարկերը կառուցելու ժամանակ, եւ հետեւանքները չուշացան՝ փլուզումների տեսքով: Հայտնի է, որ շատ դեպքերում անորակ աշխատանքը պատճառաբանվում է գումարների սղությամբ:
Գեւորգ Պետրոսյանի համոզմամբ, աշխարհում շատ «ազատ փողեր» կան ու հիմնախնդիրները ճիշտ հասցեագրելու, նկարագրելու եւ ներկայացնելու դեպքում, դրանք կարելի է բերել սեփական համայնք: «Գոյություն ունեն, օրինակ Կլիմայի հարմարվողականության միջազգային ֆոնդը, Կանաչ կլիմայի հիմնադրամը, իրենք ունեն միլիոնավոր դոլարներ եւ պատրաստ են այս տիպի ադապտացիոն ծրագրեր ֆինանսավորելու, եթե իհարկե ճիշտ հաշվարկ ու պատկեր ներկայացվի,- բացատրում է զրուցակիցս,- ես ցավով եմ տեսնում, որ Գյումրին չի կարողանում ընդգրկվել նմանատիպ ծրագրերում: Ենթադրում եմ, որ պատճառը նախ ուսումնասիրությունների բացակայությունն է, այնուհետեւ նման ֆոնդերի հետ կապված չիմացությունը»:
Շրջակա միջավայրի նախարարությանը կից գործում է Կանաչ ծրագրերի հիմնադրամ: Գեւորգի տեղեկություններով՝ հիմնադրամից մի քանի անգամ եկել են Գյումրի, ծրագրեր, գաղափարներ են ուզել: «Բայց ես վստահ եմ, որ եթե գումարներ էլ տան, քաղաքն այս պահին չունի ոչ հստակ ծրագիր, ոչ էլ համապարփակ լուրջ ուսումնասիրություններ: Մի քանի խորհրդական, եսիմ քանի անհասկանալի հաստիքներ պահելու եւ աշխատավարձ վճարելու փոխարեն, լավ կլիներ այդ գումարներն ուղղվեր տարբեր պրոբլեմների ուսումնասիրություններին, վերլուծություններին եւ դրանք հաղթահարելուն ուղղված հստակ ծրագրերին,- նկատում է բնապահպանը,- թե չէ ասել՝ ինչ հիշում ենք էս քաղաքը հեղեղվել է՝ հարցի լուծում չէ»:
Շարունակությունը՝ hetq.am-ում