tert.am: «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել դատարան, որով պահանջում է իրեն վերականգնել իր նախկին աշխատանքում և գանձել հարկադիր պարապուրդի գումարը: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Գործում նշված է, որ Սամվել Ռաֆիկի Գրիգորյանը 30.04.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության՝ Սամվել Ռաֆիկի Գրիգորյանի հետ 05.05.2018թ. կնքված աշխատանքային պայմանագրի 6.1 կետի «ժը» ենթակետն իրավաբանական ուժ չունեցող ճանաչելու, ՀՀ Առողջապահության նախարարի 24.02.2020թ. թիվ 24-Ա հրամանն անվավեր ճանաչելու, Սամվել Գրիգորյանին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի /վերակազմակերպված լինելու դեպքում՝ իրավահաջորդ կազմակերպության տնօրենի պաշտոնում վերականգնելու, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ից հօգուտ հայցվորի միջին աշխատավարձի չափով գումար հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձելու պահանջների մասին:
Հայցադիմումը 2020 թվականի ապրիլի 30-ին մակագրվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին և հանձնվել աշխատակազմին մայիսի 5-ին։ Հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121, 122 հոդվածների պահանջների պահպանմամբ:
Առաջին դատական նիստը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին, դատաքննության ամսաթիվ է նշանակվել 2020 թվականի հոկտեմբերի 29-ը: