factor.am: Նորվեգական Առաջընթացի կուսակցությունից պատգամավոր Քրիստիան Տիբրինգ-Գեդդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել՝ աշխարհում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ջանքերի համար։
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Fox News հեռուստաալիքը։
«Կարծում եմ՝ պետությունների միջև խաղաղություն հաստատելու իր ջանքերում նա արել է ավելին, քան Խաղաղության մրցանակի առաջադրվածներից շատերը»,- հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է պատգամավորը։
Նոբելյան հանձնաժողովին ուղղված նամակում Տիբրինգ-Գեդդեն նշել է, որ Թրամփի վարչակազմն առանցքային դերակատարում է ունեցել Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների հաստատման գործում։
Նրա խոսքով՝ «քանի որ ակնկալվում է, որ Մերձավոր Արևելքի մյուս պետությունները կհետևեն ԱՄԷ-ի օրինակին, այդ համաձայնագիրը կարող է բեկումնային լինել, որի շնորհիվ Մերձավոր Արևելքը համագործակցության և բարգավաճման տարածաշրջան կդառնա»։