Հակառակորդի գրոհները հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններով, որտեղ նախորդ օրերին ունեցել է որոշակի հաջողություններ․ Արթուր Սարգսյան

Այսօր ևս հակառակորդի զավթողական մտահղացումը ձախողվել է, ավելին՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ և վերցրել նախկինում կորցրած որոշ դիրքեր հիմնականում հյուսիսային և հարավային ուղղություններով։ Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

Արթուր Սարգսյանն ասաց, որ ամբողջ գիշեր և ցերեկվա ընթացքում  ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ ամբողջ ճակատում՝ բոլոր ուղղություններով։

«Հատկապես լարված են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները։ Նախորդ օրերին կրած անհաջողությունների հետ չհամակերպվելով՝ հակառակորդն այսօր ևս օգտագործել է իր ամբողջ զինանոցը․ և՛ գիշերվա, և՛ ցերեկվա ընթացքում հակառակորդը կիրառել է ավիացիա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, հարվածային ԱԹՍ-ներ, զինանոցում գտնվող ողջ հրթիռահրետանային սպառազինությունը։ Բազմիցս օգտագործելով զրահատանկային ստորաբաժանումներ՝ փորձել է գրոհել մեր մարտակարգերը, սակայն այս անգամ ևս, ունենալով անհաջողություններ, վերադարձել է նախկին դիրքեր և փորձել ամրանալ նախկին դիրքերում»,-մանրամասնեց ՊԲ հրամանատարի տեղակալը։

Անդրադառնալով այսօրվա մարտերում հակառակորդի ունեցած կորուստներին՝ Արթուր Սարգսյանը նշեց․

«Այսօրվա մարտերում հակառակորդն ունեցել է հետևյալ կորուստները․ 17 տանկ, 13 ԱԹՍ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա»։

ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալը խոսեց նաև հակառակորդի գրոհների ուղղությունների մասին՝ նշելով, որ դրանք  հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններով, որտեղ նախորդ օրերին ունեցել է որոշակի հաջողություններ:

«Իհարկե, այս անգամ ևս, կրելով պարտություն, որոշել է հետագա գործողությունների ընթացքում ավելի զարգացնել իր ուժերը։  ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն հակահարված են հասցրել հակառակորդին՝ ձախողելով նրա առաջխաղացումները բոլոր ուղղություններով»,-հավելեց Արթուր Սարգսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն