armenpress.am: Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախագահ Շուշանիկ Միրզախանյանը նամակ է հղել Մոսկվայի միջազգային կինոփառատոնի նախագահ Նիկիտա Միխալկովին` կոչ անելով կինոփառատոնի ծրագրում վերականգնել Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» կինոնկարը:
Միրզախանյանը շեշտել է, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ցավով և հիասթափությամբ է ընդունել այն լուրը, որ հայ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, որը կինոկենտրոնի պետական ֆինանսավորում է ստացել (2018-2019թթ.), հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից:
Միրզախանյանը գրել է, որ անթույլատրելի և անընդունելի է համարում ֆիլմի` կինոփառատոնին մասնակցելու ավելի վաղ հաստատված հրավերի չեղարկումը: «Վստահ ենք, որ այդ մակարդակի կինոփառատոնը չպետք է քաղաքականությունը խառնի արվեստին: Յուրաքանչյուր գրաքննություն, որը, հնարավոր է, ընդունված է այլ խաղացողների ճնշման տակ, կարող է վնասել կինոփառատոնի հեղինակությանը և ստիպել կասկածել կազմակերպիչիների անկախությանը: Կարծում ենք` «Դրախտի դարպասը» ֆիլմը պետք է վերականգնվի 42-րդ կինոփառատոնի ծրագրում»,-ասված է նամակում:
Միրզախանյանը վստահություն է հայտնել, որ Միխալկովը թույլ չի տա, որ «Դրախտի դարպասը» կինոնկարը, որը չի քարոզում բռնություն և ագրեսիա, դառնա քաղաքական խաղերի և մանիպուլացիաներին թիրախ` ուղղված արվեստի դեմ:
Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել էր, որ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից հանելու գործում տեսնում է Ադրբեջանի միջամտությունը:
Նա շեշտել էր, որ պահանջելու են պարզաբանում, որովհետև մեծ ակնկալիքներ ունեն փառատոնի ղեկավարներից, կարծում են, որ ոչինչ չի կարող ստիպել նրանց նման սադրանքի գնալ: