Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառում է միջազգային կոնվենցիայով արգելված հրթիռներ |fip.am|

fip.am: Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով միջազգային կոնվենցիայով արգելված կասետային հրթիռներ, որոնք լիցքավորված են մարտական էլեմենտներով (ենթառումբերով)։ 

«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողներին հաջողվել է Արցախի Հադրութ քաղաքում ձեռք բերել Ադրբեջանի կողմից իսրայելական LAR-160 տեսակի համազարկային կրակի համակարգի կասետային մարտագլխիկներով հրթիռների օգտագործման ապացույցներ։ 

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հրթիռակոծության ժամանակ Հադրութի բնակիչ Ֆելիքս Շահինյանն իր տան բակում տեղադրված բազկաթոռին չպայթած կասետային հրթիռի մարտական էլեմենտ է հայտնաբերել։ Մարտագլխիկներ են հայտնաբերվել նաև տան բակում։ Բարեբախտաբար, ընտանիքից տուժողներ չեն եղել, քանի որ տանը մարդ չի եղել։

Ֆելիքս Շահինյանի հարևանի՝ 61-ամյա Ջուլիետա Մրդանյանի տան բակում ևս կասետային ռումբերի բաղադրիչներ են հայտնաբերվել։ Նա իր տան բակից մոտ 10 հատ կասետային հրթիռները լիցքավորած բեկորային արկեր է հավաքել։

Ադրբեջանական հրթիռակոծության պատճառով մեծ վնասներ է կրել  նաև Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի տունը։ LAR 160-ի հրթիռը (հրադատարկ) մխրճվել է քաղաքապետի տան ննջասենյակ` մեծ վնաս հասցնելով տանը։ 

Հրթիռակոծության հետևանքով լուրջ վնասներ է կրել նաև Հադրութի բնակիչ Էդիկ Պետրոսյանի տունը։ Ամուսինները հրետակոծությունից հետո գնացել էին դստեր տուն՝ կարծելով, թե այնտեղ ապահով կլինի, մինչդեռ հասնելուն պես տեսել էին, որ ռմբակոծվել է նաև աղջկա տունը՝ հյուրասենյակը հավասարեցնելով գետնին։

Այլ բնակիչների տներ, խանութներ ևս մեծ վնասներ են կրել։ 

Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի Կասետային զինամթերքի մասին կոնվենցիան (2008), որը հայտնի է նաև որպես Դուբլինյան կոնվենցիա, արգելում է կասետային ռումբերի և հրթիռների բոլոր տեսակների օգագործումը, արտադրությունը և վաճառքը։ Չնայած որ այն չի ստորագրվել և վավերացվել ո՛չ Ադրբեջանի և ո՛չ էլ Հայասանի կողմից, կոնվենցիան 2010-ից ուժի մեջ է մտել և դարձել միջազգային օրենք։ ՄԱԿ-ի՝ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել էր, որ կոնվենցիան մեծ քայլ է «մահացու, անմարդկային զենքի» տարածման դեմ։

Ի դեպ, Հադրութ քաղաքի մոտակայքում որևէ ռազմական օբյեկտ չկա և Ադրբեջանի զինված հարձակումները ոչ այլ ինչ են, քան անթույլատրելի ռազմական ագրեսիա Արցախի խաղաղ բնակչության դեմ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով