ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը հանդիպել են ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել են ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էզզադդին Ռազշիդ Հաջիի հետ:

Հովհաննես Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել է շփման գծի ողջ երկայնքով թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը: Բարեկամական խմբի ղեկավարը խոսել է Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման վերաբերյալ՝ նշելով, որ ռազմական գործողություններին Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի միջոցով ներգրավել են վարձկան ահաբեկիչների: Նա նշել է, որ առանց այդ ապակայունացնող ուժերի դուրսմղման հնարավոր չէ վերականգնել տարածաշրջանի անվտանգությունը:

Էզզադդին Ռազշիդ Հաջին շնորհակալություն է հայտնել իրավիճակը մանրամասն ներկայացնելու համար՝ ընդգծելով իր մտահոգությունը շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ:

Նշվել է, որ Իրաքի կառավարության ցանկությունն է, որ կողմերը խաղաղ բանակցությունների միջոցով գտնեն հակամարտությունը կարգավորող լուծումներ:

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի եւ Իրաքի ժողովուրդները պատմական, ճակատագրական ընդհանրություններ ունեն. նրանք վերապրել են ցեղասպանություն: Նա նշել է, որ Իրաքում տեղի ունեցած իրադարձությունները մշտապես գտնվել են Հայաստանի ուշադրության կենտրոնում, եւ հայ հասարակությունը մեծ ցավով է ընդունել մարդկային կորուստների, ինչպես նաեւ մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը: Նա ընդգծել է, որ այսօր այդ նույն իրավիճակում է Արցախի ժողովուրդը:

Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ  ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով քաղաքներ են ռմբակոծվում, ոչնչացվում են պատմամշակութային կենտրոններ եւ հուշարձաններ, զոհվում են խաղաղ բնակիչներ:

Նա ընդգծել է, որ համաշխարհային հանրությունը, այդ թվում նաեւ Իրաքը, պետք է դատապարտեն  խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունը: Նշվել է, որ հայկական կողմն ակնկալում է նաեւ Իրաքի խորհրդարանի կողմից ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև