Վահե Գրիգորյանն ըստ էության երեք լուծման տարբերակ է տեսնում. Արարատ Միրզոյան |lragir.am|

lragir.am։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նամակ է ուղղել կառավարությանը, Ազգային ժողովին, ՀՀ նախագահին ու Դատավորների ընդհանուր ժողովին:

«Բավական ծավալուն նամակի մասին է խոսքը, չեմ կարող ամբողջութամբ մեջբերել: Կարծում եմ՝ նույնիսկ ճիշտ կլինի, որ Վահե Գրիգորյանը հանրայնացնի իր այս նամակը, որովհետև ի վերջո մեծ թվով հասցեատերերի է ուղղված: Փաստարկելով և հիմնավորելով ճգնաժամի գոյությունը՝ Վահե Գրիգորյանն ըստ էության երեք լուծման տարբերակ է տեսնում՝ սկսած առկա իրավիճակի ամրագրումից, մինչև մեծ կամ միջին տրամաչափի փոփոխություններ: Հանգուցալուծման տարբերակներ են»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նա նշեց՝ պետք է արձանագրել, որ կա անորոշություն, և կարիք կա, ինչպես լայն հասարակության շրջանում, այնպես էլ հատկապես դատարանի կազմությանը մասնակցող մարմինների՝ Դատավորների ընդհանուր ժողով, կառավարություն, ԱԺ ու ՀՀ նախագահ, քննարկում ծավալել, որպեսզի պարզ լինի, թե երկիրն այս ճգնաժամից ինչպես պետք է դուրս գալ: Նա հավալեց, որ ինքը խոսում է լայն կոնսենսուսի միջոցով ճգնաժամի հաղթահարման մասին:

Արարատ Միրզոյանն ասաց, որ այդ նամակն ինքն ուղղելու է բոլոր պատգամավորներին:
Անդրադառնալով այն կարծիքներին, որ մեկ իրավաբան օրակարգ է թելադրում և ՍԴ-ում, իշխանություն է յուրացնում, Արարատ Միրզոյանն ասաց. «138 տոկոսով, նույնիսկ 139 ու կես տոկոսով համաձայն չեմ ձեր ձևակերպումների հետ: Ես կարծում եմ, ճգնաժամն առկա է անկախ նրանից՝ այդ հայտարարությունը կամ նամակը կլիներ, թե չէ»:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր, ըստ Միրզոյանի, տեսականորեն դրված չի կարող լինել, որովհետև որևէ մեկը լինի դա ԱԺ-ն, նախագահը, կառավարությունը, թե վարչապետը, այդպիսի լիազորությունով օժտված չէ:
Այս հանգուցալուծման մեջ, ըստ Միրզոյանի, մեծ ավանդ պետք է ունենան բոլորը, առաջին հերթին Հրայր Թովմասյանը: «Այստեղ իր ունեցած ավանդն իսկապես կարող է անգնահատելի լինել, և ես մեծ հույս ունեմ, որ պարոն Թովմասյանն իր ծանրակշիռ խոսքը կասի դեպի հանգուցալուծում»,- ասաց նա:

ԱԺ նախագահը նաև նշեց, որ եթե Հրայր Թովմասյանը հայտարարի, որ հեռանում է, ըստ ամենայնի ճգնաժամը չի հանգուցալուծվի, որովհետև Հրայր Թովմասյանի անձով չէ պայմանավորված ճգնաժամը: «Ես խոսում էի ինստիտուտի նկատմամբ վստահության, էդ ինստիտուտում տարիներ շարունակ ներգրավված անձանց մասին, որոնք ակնհայտորեն ավելին են, քան մեկ հոգին: Եվ այդ մեկ հոգին վստահաբար Հրայր Թովմասյանը չէ»,- հավելեց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով