Մեր աջակցությունն ենք հայտնում հայրենի իշխանություններին և հավաստում համագործակցելու մեր լիակատար պատրաստակամությունը․ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ներկայումս Հայաստանի շուրջ (Արցախը ներառյալ) և տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը ծայրահեղորեն ծանր է և հղի էլ ավելի բարդացումներով: Ադրբեջանա-թուրքական համատեղ ուժերը, համալրված ահաբեկիչ ծայրահեղականներով, ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը՝ շարունակում են թիրախավորել խաղաղ բնակչությանը և կիրառել արգելված զինատեսակներ:

Դրան զուգահեռաբար Հայկական կողմի վրա ահագնանում է քաղաքական և ռազմական ճնշումը: Հերթական անգամ փորձ է արվում Հայկական կողմին պարտադրել երկփուլ տարբերակով նախկին ԼՂԻՄ-ի շրջակա նախ հինգ, ապա երկու շրջանների հանձնումը: Ընդսմին՝ անվերապահ և առանց նախապայմանների:

Ըստ էության սա վերջնագիր է:

Չնայած թշնամու քանակական և տեխնիկական գերակայությանը, Հայկական բանակը հերոսաբար պաշտպանում է մեր հայրենիքի ամեն մի թիզ հող, թշնամուն պատճառելով զգալի կորուստներ:

Ներկա իրավիճակում մեր պարտքն ենք համարում շեշտել մի քանի հանգամանք.

1. Անընդունելի ենք համարում «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքի կենսագործումը, թշնամու դեմ պայքարում մեր ամբողջական աջակցությունն ենք հայտնում հայրենի իշխանություններին և կրկին հավաստում ենք համագործակցելու մեր լիակատար պատրաստակամությունը:

2. Անհրաժեշտ է առանց հապաղելու և առանց վերապահումների Ադրբեջանի դեմ կիրառել համարժեք քայլեր՝ այդ թվում՝ հրթիռային խոցման թիրախ դարձնել Ադրբեջանի տարածքի ռազմական, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքի օբյեկտները:

3. Դե յուրե դաշնակից Ռուսաստանից պահանջել իր պարտավորությունների կատարում՝ զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ արտադրանքի մատակարարում:

4. Հաշվի առնելով մի շարք արաբական երկրների (մասնավորպես Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների), ինչպես նաև Չինաստանի, Հնդկաստանի, Հունաստանի և Կիպրոսի՝ Թուրքիայի հետ ունեցած լարված հարաբերությունները, տարբեր տեսակի օգնության խնդրանքով դիմել նրանց:

5. Այս պահին զինադադարի մասին խոսք լինել չի կարող, այլ միայն հրադադարի։ Միայն մեր բանակի արձանագրած արդյունքն է թելադրելու թե՛ սահմանի ուրվագիծը, թե՛ դիվանագիտությունը։

Սահմանք քաջաց զէնն իւրեանց» – Քաջերի սահմանը նրանց զենքն է…

Դատապարտվա՛ծ ենք հաղթելու։

Չվհատվե՛լ, պայքարե՛լ, տոկա՛լ և հաղթե՛լ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն