Միջազգային կառույցները տեղեկացված են Արցախում մշակութային հուշարձանների թիրախավորման մասին |armenpress.am|

armenpress.am: ԻԿՕՄՕՍ/Հայաստան հասարակական կազմակերպության ջանքերով պատմամշակութային հուշարձանների պահպանության  միջազգային կազմակերպությունները տեղեկանում են Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային հուշարձանների թիրախավորման մասին: ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջյանն ասաց, որ պարբերաբար նամակներով դիմում են միջազգային ԻԿՕՄՕՍ-ին՝ նշելով, որ Ադրբեջանը և Թուրքիան խախտել են 1954 թվականին ընդունված Զինված ընդհարման դեպքում մշակույթի արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի կետերը:

«Դեռ հոկտեմբերի 2-ին մենք դիմեցինք միջազգային ԻԿՕՄՕՍ -ին՝ տեղեկացնելով, որ Արցախում և Հայաստանում կան պատմամշակութային ժառանգության օբյեկտներ, որոնք կարող են վտանգվել ռազմական գործողությունների հետևանքով: Խնդրեցինք այդ մասին տեղեկացնել նաև այլ երկրների ԻԿՕՄՕՍ-ներին, որպեսզի նրանք ևս իրենց բողոքի ձայնը բարձրացնեն և դատապարտեն այն, ինչ տեղի է ունենում այդ տարածքներում: Մենք հիշեցրինք, որ  դա բխում է նաև 1954 թվականին ընդունված Զինված ընդհարման դեպքում մշակույթի արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայից, որին միացել են և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը»,-նշեց Գյուրջյանը:

Նա շեշտեց՝ եթե երկիրը միացել է այդ կոնվենցիային և ընդունել է, որ չպետք է ռմբակոծի մշակութային ժառանգության տարածքները, հետևաբար պետք է պահպանի կանոնները: Ի պատասխան այդ նամակի՝ միջազգային ԻԿՕՄՕՍ-ը  խնդրել է ներկայացնել փաստեր, քարտեզներ, լուսանկարներ:

«Մենք նրանց ուղարկեցինք մի քարտեզ, որի վրա երևում են Հայաստանի և Արցախի տարածքի հուշարձանները: Ցույց ենք տվել այն սահմանները, որոնք ռմբակոծվում են: Քարտեզի վրա ոչ միայն հուշարձանների անվանումներն ու տեղերն են, այլև լուսանկարները: Նրանք այդ նամակն ուղարկել են «Կապույտ վահան» միջազգային  կազմակերպությանը, որը մոնիտորինգ է իրականացնում և ճշտում, թե կոնվենցիայի շրջանակում այն ընդունած պետությունները որքանով են պահպանում կանոնները»,-պատմեց Գյուրջյանն ու հավելեց՝ հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու Ադրբեջանի կողմից ավերումից հետո կրկին նամակ են գրել միջազգային ԻԿՕՄՕՍ-ին՝ ուղարկելով  լուսանկարներն ու տեսանյութերը:

ԻԿՕՄՕՍ/Հայաստանը միջազգային ԻԿՕՄՕՍ-ին է ներկայացրել նաև ԻԿՕՄՕՍ/Հայաստանի անդամներ Համլետ Պետրոսյանի և Լյուբա Կիրակոսյանի հոդվածները:

Վերջին նամակին միջազգային ԻԿՕՄՕՍ-ը դեռ չի պատասխանել, բայց Գյուրջյանը ենթադրում է, որ միջազգային կառույցը դեր է խաղացել այն գործում, որ Հուշարձանների համաշխարհային հիմնադրամն անդրադառնա Արցախի Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարի թիրախավորմանն ու բացարձակապես անընդունելի  համարի մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացումը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն