«Կարմիր գիծը» մեզ համար Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է․ վարչապետի հարցազրույցը «Россия сегодня» լ/գ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին

 ՄԼԳ «Россия сегодня»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևը զուգահեռ հարցազրույցներ է վերցրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից, նրանց տրվել են նույն հարցերը և հավասար ժամանակ:
 

Россия сегодня – Հոկտեմբերի 10-ի մոսկովյան համաձայնագրերում հիշատակվում են կարգավորման բազային սկզբունքները: Կպարզաբանեք, խնդրեմ, այդ սկզբունքները, ինչպե՞ս եք Դուք հասկանում դրանք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ սկզբունքները հայտնի են բոլորին. դա ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը: Խնդիրն այն է, թե ինչպես են այս սկզբունքները մեկնաբանում կողմերը: Որովհետև բանակցային գործընթացի ժամանակ պարզվել է, որ տարբեր կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում այս սկզբունքները: Եվ այժմ մենք ունենք իրավիճակ, երբ այս շատ կարևոր սկզբունքներից մեկն արդեն խախտվել է: Ես արդեն խոսեցի դրա մասին՝ չկիրառել ուժ կամ ուժի սպառնալիք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար:

Россия сегодня – Պարոն վարչապետ, եթե խոսենք փոխզիջումների մասին, ի՞նչ փոխզիջման եք պատրաստ: Եվ կա՞ արդյոք սահմանագիծ, որից ոչ մի դեպքում չեք նահանջի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե, կա այդպիսի սահմանագիծ, և այդ սահմանագիծը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Եվ միշտ, բոլոր ժամանակներում Հայաստանը պատրաստ է եղել այդպիսի փոխզիջման: Ամենահայտնի նախաձեռնությունը Կազանյան նախաձեռնությունն է, երբ Հայաստանը պատրաստ է եղել կոնկրետ փոխզիջման: Բայց Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել այս համաձայնագրերը, քանի որ չի ցանկացել և չի ցանկանում ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար սահմանագիծ է, իհարկե, «կարմիր գիծ» է, որը մենք չենք կարող անցնել:

Россия сегодня – Ներեցեք, ճշտում՝ կոնկրետ ի՞նչ փոխզիջման մասին եք նշում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես ասացի, որ Հայաստանը պատրաստ է եղել փոխզիջումների: Եվ Դուք հարցրեցիք՝ հայկական կողմի համար կա՞ «կարմիր գիծ», որը մենք չենք անցնի: Եվ ես ասացի՝ այո, դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է:

Россия сегодня – Սահմանագծի մասին խոսեցինք: Իսկ կոնկրե՞տ փոխզիջման մասին: Չէիք ցանկանա որևէ օրինակ նշել, ճի՞շտ հասկացա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Գիտեք, այժմ մոսկովյան հայտարարության մեջ համաձայնեցվել են կոնկրետ քայլերը, թե ինչպես վերականգնել կոնկրետ բանակցային գործընթացը: Եվ այդ կոնկրետ համաձայնագրով նկարագրված են կոնկրետ քայլերը, և մենք պատրաստ ենք գնալ այդպիսի քայլերի, որպեսզի լուծենք Լեռնային Ղարաբաղի հարցը: Մենք պատրաստ ենք այդպիսի փոխզիջումների, մենք պատրաստ ենք համամասնական փոխզիջումների, որոնց պատրաստ է Ադրբեջանը:

Россия сегодня – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Մենք իսկապես ասել ենք, որ այս պատերազմն առանձնանում է անսովոր դաժանությամբ, այդ դաժանությունն արդեն պատմության մեջ է մտել, և երկու լիդերներն էլ պատմության մեջ են մտել որպես դաժան պատերազմի մասնակիցներ: Ամեն դեպքում, սրանից հետո Դուք ինչպիսի՞ն կցանկանայիք մնալ պատմության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Սա ինչ-որ անձնական նկրտումների հարց չէ: Ես կցանկանայի, որպեսզի այս հակամարտության արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջնականորեն լուծվեր: Փոխզիջումների հիման վրա: Որպեսզի մենք գտնեինք այնպիսի լուծում, որն ընդունելի կլիներ բոլոր կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար: Եվ դա լիներ վերջնական լուծում:

Россия сегодня
 – Պարոն վարչապետ, ես տվեցի բոլոր նախատեսված հարցերը: Կցանկանայի՞ք Ձեր կողմից որևէ հավելում անել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե: Պատասխանելով Ձեր առաջին հարցին՝ ես ասացի, որ շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն նպատակների վրա, որոնք Թուրքիան ունի տվյալ գործընթացում: Ես վստահ եմ, որ Թուրքիան 20-րդ դարի սկզբի հայտնի իրադարձություններից հետո վերադարձել է Հարավային Կովկաս, որպեսզի շարունակի հայերի ցեղասպանության քաղաքականությունը Հարավային Կովկասում: Շատ կարևոր է հասկանալ, որ Թուրքիայի համար դա պրագմատիկ նպատակ է: Ոչ թե էմոցիոնալ, այլ պրագմատիկ նպատակ, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի համար՝ դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք էքսպանսիայի համար, քանի որ ես վստահ եմ, որ սա Թուրքիայի կայսերական քաղաքականության շարունակությունն է: Եվ այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում Հարավային Կովկասում, պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի ու Կիպրոսի հետ հարաբերություններում:

Ես արդեն ասացի, որ այս գործընթացն արդեն դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի լոկալ հակամարտության շրջանակից, այժմ տեղի է ունենում ձևափոխում: Թուրքիան ցանկանում է իրականացնել Հարավային Կովկասի ձևափոխում, ավելի կոնկրետ՝ հսկողության տակ վերցնել ողջ Հարավային Կովկասը և այն դարձնել իր պլացդարմը՝ դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք հետագա էքսպանսիայի համար: Կարծում եմ, որ այս իրավիճակում արդեն կոնկրետ շոշափվում են շատ երկրների ազգային անվտանգության շահերը, այդ թվում և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության: Ես պատահմամբ չհիշատակեցի այն տեղեկությունները, որ ստացվում են Չեչնիայից և Դաղստանից: Որտեղի՞ց են այդ զինյալները հայտնվել Չեչնիայում և Դաղստանում, սիրիացի զինյալները: Ինձ համար ակնհայտ է, որ նրանք այնտեղ հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց: Եվ հարցն այն է՝ արդյոք դա պատահականությո՞ւն է, թե՞ պլանավորված ակցիա Հյուսիսային Կովկասն ապակայունացնելու նպատակով՝ շեղելու համար Ռուսաստանի ուշադրությունը Հարավային Կովկասում և ավելի կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում այժմ տեղի ունեցող իրադարձություններից: Սա շատ կարևոր նյուանս է, որը պետք է գնահատականի արժանանա Ռուսաստանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն