Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆԲ-ն։
«Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են:
ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։
«Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։ Տուժածների ու վնասների մասով տեղեկություններ առայժմ չկան»,- նշված է հայտարարության մեջ։