Ադրբեջանը ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիա․ կառուցողական խոսակցությունը հնարավոր դարձնելու համար պիտի ոտքի կանգնենք. Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է արձանագրենք, որ մենք առյուծի նման տղերք ունենք։ Եւ մենք նրանց պիտի պատշաճ գնահատանքի արժանացնենք։ Իհարկե, պատերազմում փլավ չեն բաժանում, պատերազմն իր հետ բերում է քաոսային վիճակներ, եւ այլն։ Եւ մեր հանրության մեջ պիտի լինի այն տրամադրությունը, որ որեւէ պատճառաբանությամբ մարտի դաշտից փախածը պետք է արժանանա հանրային սուր պարսավանքի։ Կարող են բերել որեւէ պատճառ, բայց եթե մենք այս օրակարգի առաջ ենք կանգնած, պիտի համազգային կոնսենսուս ունենանք այս հարցի շուրջ։ Բոլոր այն մարդիկ, որոնք որեւէ պատճառով լքել են իրենց վստահված պոստը, դիրքը, այդ մարդիկ պիտի իմանան, որ իրենք արժանանալու են հանրային պարսավանքի, եւ որեւէ պատճառաբանություն չի ընդունվելու։

Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց վարչապետը, հավելելով, որ  բոլորը պետք է պատրաստ լինեն կանգնել, բայց դա չի նշանակում, որ հայկական կողմը չպետք է պատրաստ լինի փոխզիջման։

«Ընդհակառակը, որպեսզի փոխզիջման հնարավորություն ունենանք, մենք պիտի կանգնենք, որովհետեւ Ադրբեջանը ուզում է համաձայնել միայն Ղարաբաղի կապիտուլյացիային, եւ հայտարարում է, որ գնալու է մինչեւ վերջ։ Որպեսզի հնարավոր դարձնենք կառուցողական խոսակցությունը, պիտի կանգնենք։ Եթե ազգովի, Հայաստանում, սփյուռքում, կին-տղամարդ կանգնեցինք, կարողանալու ենք Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսություն ծավալել, չկանգնեցինք, ուրեմն փախչելու տեղ էլ չի լինելու։ Որովհետեւ, ըստ էության, մենք մեր շահերի եզրագծին ենք գտնվում»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով ԱԱԾ-ի բացահայտած դեպքին, երբ բժիշկը եւ քաղաքացին համաձայնության են եկել, որպեսզի գրեն, որ կորոնավիրուսով հիվանդ է, որպեսզի որեւէ մեկը զորահավաքից խուսափի, վարչապետն ասաց, որ   մեր հանրության մեջ այս դեպքի շուրջ  պետք է  ձեւավորվի հստակ-անառարկելի դիրքորոշում, որ այդ մարդը հետո ամաչի փողոց դուրս գալ։

«Հիմա մեկը էկրանի մոտ նստած ինձ, օրինակ, կարող է ասել՝ կաբինետումդ նստել ես, դու գնա առաջնագիծ։ Հա էլի գնամ առաջնագիծ, ինչ-որ մեկն էստեղ պիտի նստի։ Եթե պահանջն այն է, որ ես էստեղից գնամ, եթե իմանամ, որ դա է ժողովրդի ուզածը, ես էդ էլ կանեմ։ Ես ասել եմ՝ պատրաստ եմ հանուն մեր հայրենիքի զոհվելու։ Այսպիսի դեպքերի պատճառով բաց է մնում մեր զինվորների թիկունքը, հատկապես էն զինվորների թիկունքը, որոնք հերոսի նման կռվում են։ Այ սա դավաճանություն է։ Ասում են՝ դավաճաններ չփնտրենք։ Չփնտրենք․․․բայց այն, ինչ տեղի է ունենում, դավաճանություն է։ Որովհետեւ կարող է կեղծ տեղեկանքով էդ մարդը զինվորին կարող էր հաց հասցնել, փամփուշտ հասցնել, մեջքը պահել, բայց դա տեղի չի ունեցել։ Այստեղ է պետք փնտրել մեր խնդիրը»․- հավելեց վարչապետը։ 

Նա նաև շեշետեց, որ հայկական կողմը  կշարունակի աշխատել,  կլինի  մաքսիմալ ճկուն։ Վարչապետը մանրամասնեց․

«Մեր ճանապարհը ո՞րն է։ Ադրբեջանն էլ անընդհատ զարմանում է՝ էսքան աշխարհից զենք ենք բերում, թափում Արցախի գլխին՝ հատուկջոկատայիններով եւ այլնով, ո՞նց է՝ չեն հանձնվում, մենք պիտի ասենք, որ մենք չենք հանձնվելու։ Էդ պիտի ասենք, բայց դա պիտի լինի ոչ թե ֆեյսբուքի աջակցության խոսքով, այլ Հայաստանում չպիտի լինի բժիշկ, որ թեկուզ իր հարազատին տա տեղեկանք, որ կորոնավիրուսով հիվանդ է, եւ չպիտի լինի մարդ, որ ձեռքը պարզի, որ տեղեկանքը վերցնի։ Էս իրավիճակը պիտի մարդու համար ավելի ծանր լինի, քան հայրենիքի համար զոհվելը։ Էստեղ է պրոբլեմը։

Հիմա կփորձենք հասկանալ, թե ԱՄՆ-ն իր առաջարկի դրժման համար ում է մեղադրում, ինչպես է արձագանքում, ինչ են պատրաստ անել՝ որպես արձագանք, եւ, ընդհանրապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, բայց էլի իմ աչքի առաջ գալիս է տեսարան, թե որ պարագայում մենք մեր խնդիրըը կկարողանանք լուծել․․․այ որ էդ բժիշկը, էդ քաղաքացին․․․Ես ուզում եմ գլուխ խոնարհել մեր էն բժիշկների համար, որոնք երեք ճակատով են պայքարում՝ կորոնավիրուսը, վիրավորները, սովորական հիվանդությունները»։

Փաշինյանի խոսքով այսօր ամբողջ Հանրապետությունը պետք է այս ռեժիմի մեջ լինի, այսօր պիտի զինկոմիսարիատների առաջ տեղ չլինի՝ դիմակներով հերթեր գոյացած լինեն։ Նա տեղեկացրեց, որ  կամավորագրումը գնում է, և շնորհակալություն հայտնեց իրեն  արձագանքած քաղաքացիներին, բայց կրկին շեշտեց, որ պետք է  տեղ չլինի, 24 ժամ պետք է հերթեր լինեն, մարդիկ պետք է  պատրաստ լինեն ՊԲ հրամանատարի ցանկացած հրաման կատարել, որովհետեւ այսօր մեր ժողովրդի ճակատագիրն է որոշվում, եւ չկա ավելի լավ տարբերակ, քան ճակատագրի ղեկը սեփական ձեռքը վերցնել։

«Ես, անկեղծ ասած, կուզենայի, որ բոլորդ ամեն ինչ իմանայիք կատարվողի մասին, բոլոր մանրամասները, առաջնագծի վիճակը, բայց իմ շատ գործընկերներ ինձ ամեն օր հետ են պահում նման բանից, որովհետեւ ի վերջո ռազմական դրություն է, մենակ մենք չենք իրար լսում, ներքին խոսակցության հնարավորություն չկա, թե չէ շատ ավելի բաց ու պարզ կխոսեի։ Ես շատ եմ նեղվում, որ ինչ-որ պահի ամբողջական ինֆորմացիա չենք տալիս ժողովրդին։ Քավ լիցի, որեւէ մեկը չմտածի, որ մենք դա անում ենք ինչ-որ բան թաքցնելու համար, այլ միայն այն պատճառով, որ ռազմական պայմաններն ունեն իրենց հիմնավոր առանձնահատկությունները»,- մանրամասնեց վարչապետը։

Վերջինս դիմեց կանանց, նշելով, որ կանայք պետք է տղամարդկանց ասեն, որ այս իրավիճակում որեւէ երկմտություն որեւէ մեկի կողմից չի ներվելու։ Կանայք ոչ թե պիտի պայքարից, հաստատակամությունից հետ պահեն իրենց որդիներին, ամուսիններին, եղբայրներին, այլ ընդհակառակը, պիտի թասիբը եռա։  Հայտնելով իր կարծիքը Փաշինյանն ասաց, որ այս պարագայում Հայաստանում պետք է թասիբը եռար․

«Պատերազմում շոկոլադ չեն բաժանում, եւ որեւէ մեկի վախկոտությունը, փոքրոգությունը չի կարող արդարացում ունենալ։ Ես մեր կանանց եմ ուզում դիմել, խնդրում եմ, էսօր մեր երկրում պիտի թասիբը եռար, Հայաստանն ու սփյուռքը պիտի թասիբի կաթսա լինեին, սփյուռքի թասիբն էսօր եռում է, գլուխ եմ խոնարհում, Հայաստանում թասիբն էդքան չի եռում, ես կարծում եմ, որ այստեղ մեծ դեր ունեն մեր կանայք։

Ես պատրաստ եմ ենթարկվել ձեր ցանկացած որոշման, բայց քանի դեռ կատարում եմ գերագույն հրամանատարի պարտականությունները, ուրեմն պահանջում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ենթարկվի իմ կոչին, իմ որոշմանը, իմ հրամանին։ Հասկանալով, որ մյուս կողմից ժողովրդի ծառան եմ, ես էլ պատրաստ եմ ժողովրդի ցանկացած որոշմանը ենթարկվել․ սա է պայմանը։ Եւ իմ հրամանն այն է, որ ամեն տղամարդ հենց հիմա պիտի ոտքի կանգնի եւ գնա իր զինկոմիսարիատ։ Սա իմ հրամանն է։ Կանանց էլ խնդրում եմ քաջալերել։ Կանայք էլ, որոնք ուժ են գտնում կանգնել հանուն հայրենիքի, իրենք էլ թող ջոկատներ կազմեն։ Սա հազարամյա կռիվ է»,- եզրափակեց վարչապետը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն