Բունդեսթագի պատգամավորը Թուրքիային. «Մեր համբերությունը սպառվել է» |mediamax.am|

mediamax.am: Գերմանիայի Բունդեսթագում CDU/CSU կառավարող կուսակցությունների խմբակցության պատգամավոր Յոհան Վադեփհուլն ասել է. «Թուրքիան պիտի իմանա՝ մեր համբերությունն այստեղ արդեն վերջացել է»:

Այդ մասին նա ասել է հոկտեմբերի 29-ին՝ Բունդեսթագում Արցախի թեմայով կայացած քննարկումների ժամանակ:

«Թուրքիային պետք է հստակ ուղերձ հղել: Մենք տեսնում ենք նրա մեծ ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Կան զեկույցներ, որ Թուրքիան Սիրիայից իսլամիստներ է ուղարկում այնտեղ: Հասկանալի է, որ Թուրքիան բարեկամական կապեր ունի Ադրբեջանի հետ, բայց մեր ՆԱՏՕ-ի անդամ գործընկերոջից ակնկալում ենք, որ այդ բարեկամությունը հակամարտությունը խաղաղ լուծելուն ծառայեցնի եւ ոչ թե ամեն օր կրակի վրա յուղ ավելացնի: Թուրքիան պիտի իմանա՝ մեր համբերությունն արդեն սպառվել է», – ասել է Յոհան Վադեփհուլը:

Պատգամավորը քննադատության է ենթարկել նաեւ Ադրբեջանին.

«Մենք պետք է Ադրբեջանին շատ հստակ ուղերձ հղենք, քանի որ կասկած չկա, որ ագրեսիան նա է սկսել: Նախագահ Ալիեւը ակնհայտ դարձրեց, որ պատրաստ չէ ագրեսիան ավարտել: Մենք պահանջում ենք Ադրբեջանից անմիջապես հրադադարի պատրաստակամություն ցուցաբերել եւ վերադառնալ բանակցային սեղան: Այն, որ Ադրբեջանը հիմա ռազմական կարողության առումով ավելի բարենպաստ վիճակում է, չի նշանակում, որ պետք է չարաշահի դա: Ադրբեջանը պիտի իմանա, որ կկորցնի ԵՄ-ի ցանկացած աջակցություն, եթե չվերադառնա բանակցային սեղան»:

Պատգամավորը պասիվության համար քննադատել է նաեւ Եվրոպական հանձնաժողովին եւ վերջինիս նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կոչ է արել արտաքին գործերի եւ հատուկ հանձնակատարների միջոցով ակտիվ գործել եւ չբավարարվել հանդիսատեսի դերով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն