Մենք ունենք ամենահզոր զենքը՝ մեզ, մեր միասնությունը. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել  հայ ժողովրդին։ Ուղերձում կասնավորապես ասվում է․

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավելի քան մեկ ամիս է Արցախը, Հայաստանը, ողջ հայ ժողովուրդը հայրենական պատերազմ են մղում։Պատերազմ՝ սանձազերծված Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։

Պատերազմ՝ նաև միջազգային ահաբեկչության դեմ: Մեր քաջ զինվորականը և կամավորականը կռվում են անձնուրաց, առանց իրենց կյանքը խնայելու:

Կռվում են հանուն ազատության և արժանապատվության, հանուն Հայրենիքի:Խոնարհվում ենք մեր զոհված հերոսների ու նրանց ընտանիքների առջև:Իմ ցավակցությունն եմ հայտնում բոլոր որդեկորույս մայրերին ու հայրերին, իրենց ամուսիններին կորցրած կանանց, եղբայրներին կորցրած քույրերին,թոռներին կորցրած տատիկներին ու պապիկներին…

Այս պատերազմում հաղթանակը մեզ համար նշանակում է պաշտպանել մեր տունը, մեր մշակույթը, մեր արժեքները, մեր հավատքը, նշանակում է նաև ամեն ինչ անել, որ չլինի երկրորդ ցեղասպանություն, նշանակում է նաև պատերազմ հանուն մեր հերոսների, մեր նահատակված քաջերի հիշատակի…

Շուրջ 30 տարի առաջ սկսված հայրենական պատերազմը շարունակվում է:Ինձ հաճախ հարցրել են, թե ինչպե՞ս ենք կարողացել երկրաշարժից չբուժված վերքերով, ավերված տնտեսությամբ ու գրեթե անզեն վիճակով 30 տարի առաջ հաղթել:

Գուցե ոմանց մեր հաղթանակը իսկապես անհնար էր թվում: Բայց ո՛չ մեզ:30 տարի առաջ մենք չունեինք ուժեղ տնտեսություն, ճանապարհներ, վառելիք, չունեինք բավարար քանակությամբ զենք:Սակայն հաղթեցինք, որովհետև մենք ունեինք ամենահզոր զենքը՝ մեզ, մեր միասնությունը:

Այսօր էլ ոմանք ինձ հարցնում են, թե ո՞րն է մեր այսօրվա հաղթանակի երաշխիքը:Իմ պատասխանը չի փոխվել՝ մեր միասնությունը: Ուզում եմ հորդորել մեր քաղաքական ուժերին, քաղաքական և հասարակական գործիչներին՝ եղե՛ք ժողովրդի պես միասնական ու համախմբված, հետևե՛ք ժողովրդի օրինակին…

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի վրա հարձակված թշնամուց բացի մենք ունենք ևս մեկ թշնամի` կորոնավիրուսի համավարակը, որն ամեն օր կյանքեր է խլում:

Ցավակցում եմ համավարակին զոհ գնացած մեր հայրենակիցների ընտանիքներին ու հարազատներին:

Կորոնավիրուսի դեմ պայքարում նույնպես, հաղթանակը կախված է մեզնից՝ թե որքան միասնական և համախմբված, կազմակերպված և կարգապահ կլինենք…

Ցանկանում եմ իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել այդ պայքարի առաջամարտիկներին՝ առողջապահության համակարգի բոլոր, բոլոր աշխատակիցներին՝ բժշկից մինչև բուժքույր ու բուժեղբայր, մայրապետ ու սանիտար, շտապօգնության վարորդ և տեխնիկական աշխատակիցներ, որոնք օր ու գիշեր անձնվիրաբար պայքարում են կորոնավիրուսի դեմ:

Նրանք մեկ ուրիշ ճակատի առաջին գծում են…

Սիրելի՛ հայրենակիցներ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում,

Շնորհակալ եմ ձեր յուրաքանչյուր ջանքի ու ձգտումի, ձեր սրտացավության ու ջերմության, ձեր համախմբվածության ու կազմակերպվածության համար, ձեր օգնության համար:

Օգնություն, որ ցուցաբերում եք տարբեր ձևերով ու միջոցներով:

Շարունակե՛ք Ձեր աջակցությունը՝ նյութապես ու բարոյապես, նվիրատվությամբ ու բարեգործությամբ, կապերով ու գիտելիքով, ձեր անմիջական մասնակցությամբ կամ հեռավոր ներկայությամբ:

Ողջ հայությունը, գիտակցելով պահի լրջությունը և հայրենիքի շուրջ համախմբվելու հրատապությունը, անմիջապես լծվեց Համահայկական հիմնադրամի աշխատանքներին, որը վերածվել է համազգային շարժման։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նվիրատուներին՝ Սփյուռքից և Հայաստանից։

Նվիրատվություն անելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ դուք աջակցում եք Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների, փախստականների խնդիրների լուծմանը, ավերված դպրոցների ու տների վերականգնմանը:

Կոչ եմ անում Հայաստանում և համայն սփյուռքում բնակվող բոլոր հայ գործարարներին, բարերարներին, միություններին, կազմակերպություններին, անհատներին` անել առավելագույնը հանուն հայ ժողովրդի անվտանգության։

Մեր հույսը մենք ենք և մեր իրական բարեկամները:

Միասի՛ն ենք կերտելու մեր հաղթանակը:

Աստված պահապան Արցախին, Հայաստանին և մեր ողջ ժողովրդին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով