Նախ, դա եղել է համատեղ հայտարարություն և ոչ համաձայնագիր, սա շատ կարևոր նրբություն է, երկրորդը՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքները, որում կայացվել է այդ որոշումը։ Նման որոշում կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ շեշտել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեկվա իմ ելույթում ասացի, որ անկյուաքարային նշանակություն ունեցող գործոնը, որը բերել է այդ հայտարարության ստորագրմանը մեր կողմից, այն փաստի արձանագրումն էր, որ, ըստ էության, Շուշիի անկումից հետ Ստեփանակերտը մնացել է անպաշտպան, և եթե մենք շատ արագ չկանգանցնենք պատերազմը, Ստեփանակերտը կընկնի, որից հետո ինքնաբերարբար՝ Ասկերանը , Մարտակերտը»,- ասել է Փաշինյանը ավելացնելով, որ սցենարներից կախված՝ 20-30․000 մեր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ։
«Ընդ որում, ինչո՞ւ է այդ թիվը տարբեր, որովհետև նայած, թե ինչ կոնֆիգուրացիայով դա տեղի կունենար։ Այստեղ շատ կաևոր է այն, որ շրջափակման մեջ հայտնված զինվորները չեն կարող ազդել իրավիճակի վրա։ Ինչո՞ւ, որովհետև նրանք կանգնած էին առաջնագծում, իսկ շրջափակումը տեղի էր ունենալու թիկունքից։ Սա այն դեպքը չէր, որ հրաման հնչեր՝ շրջանաձև պաշտպանություն կազմակերպելու, քանի որ այդ դեպքում առաջնագիծը ամբողջությամբ կքանդվեր, և մենք կունենայինք այդպիսի իրավիճակ»,- պարզաբանել է ՀՀ վարչապետը։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հարցը չի քննարկվել Ազգային ժողովում, ընդդիմության հետ, Փաշինյանը պատասխանել է, որ դա մարտական գործողությունների օպերատիվ կառավարման տրամաբանության մեջ է տեղի ունեցել։ «Դա մոտավորապես նույնն է, որ ասենք՝ մեր ստորաբաժանումը ինչ-որ մի տարածքից ետ է քաշվել կամ ինչ-որ տարածքում որոշել է հարձակվել, ինչո՞ւ այս հարցերը չեն քննարկվել ԱԺ-ում, ընդդիմության հետ։ Այդ ժամանակ շատ կրիտիկական ռազմական գործողություններ էին»,- նշել է նա։
Վարչապետի խոսքերով՝ հետագայում, երբ ռազմական գործողություննեը կանգնած են, այդ փաստաթուղթը բաց է և այստեղ քննարկել-չքննարկելու տրամաբանությունը գործում է, և դա քննարկում են բոլորը։ «Ընդ որում՝ այդ քննարկման տրամաբանությունն էլ պետք է հասկանալ, թե ինչ է առաջարկվում անել՝ հետ պտտե՞լ, վերսկսե՞լ ռազմական գործողությունները, թե ի՞նչ անել, բայց հիմա գնում են ամենալայն քննարկումները»,- ասել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ այդ քննարկումը պետք է հիմա սկսվի, և դա դիվանագիտական բնույթի քննարկում է, և կարծում է՝ այդ քննարկումը տեղի կունենա շատ երկար։ «Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ սա ռազմական գործողությունների դադարի մասին փաստաթուղթ է, սա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ։ Այստեղ կան տերմիններ, նախադասություններ, որոնք պետք է մեկնաբանվեն և դառնան քաղաքական մենաբանություն։ Այդ փուլում քննարկումները հնարավոր կդառնան։ Այդ դեպքում էլ, բնականաբար, քննարկման հիմնական ֆորմատը լինելու է կառավարության ներսում, որովհետև դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և դիվանագիտական կորպուսը ԱԳՆ-ն է»,- նշել է վարչապետը։
Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի հավաքներին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Քանի որ հրապարակային է այդ ամենը տեղը ունենում, ես ընդդիմությունից չեմ լսել չեղարկելու տարբերակ։ Մենք կարող ենք այդ թուղթը վերցնել, ճղել, դնել մի կողմ, բայց պետք է նաև դրա հետևանքների որոշակի պատկերացումն ունենալ։ Դա նշանակում է, որ մենք վերադառնում ենք այն իրավիճակին, որում այդ թուղթը ստորագրվել է, իսկ դա նշանակում է, որ մենք ասու՞մ ենք՝ թող մեր 30․000 զինվորները շրջափակման մեջ ընկնեն»։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ ինքը, 2016 թվականին լինելով ընդդիմադիր, որպես կամավոր մեկնել է Լեռնային Ղարաբաղ և հետո իրադարձությունների ընթացքից ոչ այդքան գոհ լինելով՝ հանրահավաք չի արել։