Այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել, այդ տարածքները երեսուն տարի հանձնվել են, երբ այնտեղ մոլախոտ է աճել․ Նիկոլ Փաշինյան

Դուք նշեցիք, որ պատերազմը կանխել հնարավոր կլիներ այն պայմաններում, որ կուզեին Շուշին։ Ձեր ելույթի ժամանակ ԱԳՆ խոսնակը գրել է, որ խաղաղ գործընթացի որեւէ փուլում չի եղել Շուշիից հրաժարվելու հարց։ Այս գրառումը տարընթերցումների տեղ է տվել։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Վարչապետն արձագանքեց, որ այդ խաղաղ գործընթացում, փաթեթներում, որ չեն ընդունվել, միշտ եղել է փախստականների եւ բռնի տեղահանվածների հարց։

«Եվ երբ աշխատանքային մակարդակում պարզաբանումներ ենք փորձել ստանալ, թե էս կամ էն կետում ինչն է, որ ընդունելի կարող է լինել, եւ ինչ է նկատի առնվում, էդ կետի ներքո միշտ ադրբեջանական կողմից նկատի է առնվել, որ առնվազն Շուշի պիտի մեր փախստականները վերադառնան, միշտ։ Եվ պատերազմի մեկնարկից ի վեր, երբ եղել են տարբերակներ, թե ինչ տարբերակներով մենք կարող ենք գալ համաձայնության, որ պատերազմը կանգնի, եթե ոչ ամենասկզբում, ապա իքս պահից, կարող եք ստուգել, Շուշին՝ որպես պատերազմի դադարեցման նախապայման, հայտնվել է օրակարգում, եւ սա անհերքելի փաստ է, առաջին ասածս էլ է անհերքելի փաստ։ Եվ երբ ասում են խաղաղ գործընթացում․ եթե էդպես էր, բա լուծեիք հարցը, եթե այդպիսի լավ տարբերակ կար՝ ինչի՞ չեք լուծել, եւ վերջին երեսուն տարում, եւ վերջին երկուսուկես տարում։ Ով այդպիսի բան է ասում, ուրեմն կգա եւ իմ առաջ պատասխան կտա»,- ընդգծեց Փաշինյանը։

«Իմ քայլ»-ի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն էլ հարց հնչեցրեց, թե արդյո՞ք կարող ենք իրատեսական հույսեր ունենալ, որ մեր տարածաշրջանում կարող է լինել խաղաղություն, եւ մեր կրած կորուստների ցավը վերածվի ցասման եւ զարգացման մեծ մոտիվացիայի․ խաղաղության ինչպիսի՞ իրատեսական պոտենցիալ կա։

ՀՀ վարչապետն արձագանքեց, որ շատ կարեւոր հարց է բարձրացվում։

«Մենք պետք է ընդհանրապես վերարժեւորենք մեր երեսնամյա անկախությունը, արժեւորենք այն, թե մենք ինչպես ենք օգտագործել այդ ժամանակը։ Մենք պիտի վերարժեւորենք՝ վերջին երկուսուկես տարին ինչպես ենք օգտագործել, բայց նաեւ վերջին երեսուն տարին, որովհետեւ վերջին երկուսուկես տարին վերջին երեսուն տարվա տասը տոկոսից էլ պակասն է։ Մենք պիտի էս հարցերի պատասխանները գտնենք։ Վերջին երերսուն տարում մենք ապրել ենք «պատերազմի բացառում, ոչ մի թիզ հող՝ թշնամուն» տրամաբանության մեջ, չենք էլ նկատել, որ այս երկուսի մեջ հակասություն կա։ Մեզ պետք էր ընտրություն կատարել եւ կենտրոնանալ այդ ընտրության վրա։ Վերջին երկուսուկես տարում մենք այդ ընտրությունը կատարել ենք, գուցե վատ ընտրություն ենք կատարել, չենք հասկացել, որ չենք հասցնելու էդ ընտրությունը կատարելու վրա բավարար աշխատանք իրականացնել, բայց ես էդ ընտրությունը կատարել եմ եւ էդ ընտրության մեջ պարտվել եմ, եւ կրում եմ դրա պատասխանատվությունն անձամբ, ուրիշ ոչ մեկը, բացարձակապես»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ ինքը ասել է տարիներ առաջ՝ մենք բոլորս ձեւ ենք անում, թե հնարավոր է լինելու խուսափել պատերազմից։

«Հիմա այսքան խոսում ենք տարածքների մասին, ո՞վ է վերջին երեսուն տարվա մեջ այնտեղ եղել, ի՞նչ է այնտեղ արվել երեսուն տարվա ընթացքում։ Իսկ երեսուն տարվա ընթացքում մեր ԶՈՒ-ում աշխատավարձերն ինչքա՞ն են եղել։ Մենք այդ օրակարգը ֆիքսել ենք։ Ասել ենք՝ մեր երկրում բանակն ունի անառարկելի հեղինակություն, բայց երբ համեմատում ենք բանակի հեղինակությունն ու բանակում ծառայության հեղինակությունը, էդ ո՞նց է եղել, որ ով հնարավորություն է ունեցել, բանակից խուսափել է։ Բա դա հետեւանք չէր ունենալո՞ւ։ 

Ես ասում եմ՝ ես եմ միակ պատասխանատուն, ե՛ս, երեսուն տարվա մեջ ուրիշ պատասխանատու չկա։ Ես կկանգնեմ մեր ժողովրդի դատաստանի առաջ, եւ ինչ դատավճիռ էլ կայացնի մեր ժողովուրդը, ես անմռունչ այդ դատավճիռը կընդունեմ։ Բայց ես հարցեր եմ բարձրացնում, ես պահանջում եմ, որ այդ հարցերի պատասխանները հնչեն։ Բա որ երեսուն տարի այս երկրում պետական պաշտոնը եղել է հարստություն դիզելու միջոց ու բոլորս դրա մաիսն իմացել ենք, բա պատասխան չունե՞նք տալու»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ հանրությունն իրենից պիտի կոնկրետ պատասխան պահանջի, բայց ինքն էլ ունի պատասխան պահանջելու շատերից, այդ թվում այս երկուսուկես տարվա ընթացքի վերաբերյալ։

«Մենք մսխել ենք մեր երեսուն տարին, կարող է երկուսուկես տարին էլ ենք մսխել, բայց երկուսուկես տարին երեսունի տասը տոկոսից էլ քիչ է։ Եթե երեսուն տարին մսխելը մեզ համար դարձել է մտածողության կոդ, ո՞նց էինք երեսուն տարվա տրամաբանությունը երկուսուկես տարում շրջելու հակառակը։ Սա մեզ չի ազատում պատասխանատվությունից։ Ասում են՝ Շուշին ծախել են, ո՞վ է ծախել Շուշին։ Շուշին եթե ծախել են, ծախել են վերջին երեսուն տարում, որովհետեւ Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր։ Մեզ պետք է՞ր Շուշին, բա որ պետք էր, ինչի՞ էր էդ վիճակում։ Մեզ էդ ազատագրված տարածքները պետք է՞ին, եթե պետք էին, ինչի՞ էին էդ վիճակում։ Ինձ ասում են՝ ինչի՞ Արցախի նախագահի ինագուրացիան ինչո՞ւ Շուշիում արեցին։ Պատկերացնո՞ւմ եք, ամբողջ հայ էլիտան համարել է, որ Շուշին ԼՂ քաղաք է, եւ Արցախի նախագահն իրավունք չունի այնտեղ միջոցառում անելու, այդտեղ է հանձնվել Շուշին։ Երբ վերնագրերում գրվել է, որ ինքն այդտեղ է, բայց ինքն այդտեղ չի եղել։ Որովհետեւ եթե այդտեղ լիներ, այդպիսի հարց չէր ծագի։

Եթե ուղտին նստած կուզեկուզ եք ման եկել, էդ ուղտը ձեր ինչի՞ն էր։ Մի քանի նվիրյալ գործարարներ վերջին տարիներին այնտեղ ներդրումներ են արել, դա է եղել, ուրիշ ի՞նչ է եղել, այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել, այդ տարածքները երեսուն տարի հանձնվել են, երբ էնտեղ մոլախոտ է աճել»,- ընդգծեց վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն