«Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ, պատերազմի ողջ ընթացքում մենք ականատես եղանք համահայկական, համասփյուռ աննախադեպ համախմբման և մոբիլիզացիայի: Սփյուռքն իրապես դարձավ Հայաստանի և հայ ազգի միակ հենքն ու ապավենն աշխարհում: Ամենուր, որտեղ հայ է ապրում, պայքար գնաց հանուն հայրենիքի, հանուն Արցախի և հանուն հայ ժողովրդի:
Դժվար է հիշել Հայաստանում ձեռնարկված որևէ խոշոր կամավորական նախաձեռնություն, որտեղ ներգրավված չլինեին սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները: Կասկածից վեր է, որ սփյուռքի քաղաքական, լոբբիստական աշխատանքն ապարդյուն չի անցել, և այն այսօր էլ շարունակվում է:
Պատերազմի դաժան օրերին, երբ աշխարհը լքեց Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեմ, սփյուռքը մնաց Հայաստանի միակ պատուհանը դեպի արտաքին աշխարհ, միակ կապը մարդկության հետ, միակ հույսը և հավատի ակունքը:
Սիրելի՛ հայրենակիցներ, դաժան է պարտությունը, և մեր բոլորիս վերքերը շատ խորն են: Բայց ձեր անուրանալի աջակցության, հայրենիքի կողքին ու թիկունքին լինելու անդրդվելիության, անմնացորդ պայքարի համար հայտնում ենք մեր անկեղծ երախտագիտությունը: Շնորհակալ ենք ձեր յուրաքանչյուր ջանքի համար, շնորհակալ ենք ձեր սիրո, հոգատարության, հայրենասիրության համար:
Այս պատերազմում պարտվեցինք բոլորս, սակայն հաղթեցին հայ զինվորն ու հայկական սփյուռքը: Պայքարը շարունակվում է, և մենք միասին ահռելի շատ անելիքներ ունենք: Գոտեպնդվենք, վեր հառնենք մոխիրներից, փառավորվենք մեր նահատակների սխրանքով և շարժվենք առաջ»: