Պատերազմի հետևանքները տնտեսության վրա կդրսևորվեն 2021-2022 թվականներին․ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյան |lragir.am|

lragir.am: Վերջին օրերին Հայաստանում փոխարժեքի շուկայում կայունացում է նկատվում։ Նման դիտարկում հայտնեց տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

Վերջին շրջանում Հայաստանում դոլարի արժևորում ու դրամի արժեզրկում է նկատվում։ «Ուզում եմ հիշեցնել, որ խոսքը տարեսկզբից դրամի ընդամենը 5-6 տոկոս արժեզրկման մասին է, ինչն արժութային շուկայի համար մեծ ցնցում չէ»,- ասաց Բագրատ Ասատրյանը։

«Ուղղակի ամբողջ խնդիրն այն է, որ սպասումները, որոնք մեր հասարակության մեջ ձևավորվել են, իհարկե, բացասական են։ Դա հասկանալի է, պարզ է նաև, որ սա իր որոշակի ազդեցությունն ունեցավ արժութային շուկայի վրա։ Սակայն հարկ է արձանագրել, որ  փոխարժեքի տատանումների առումով կարևորը ֆունդամենտալ գործոններն են՝ մակրոտնտեսական իրավիճակը, հարկաբյուջետային քաղաքականոթյան հիմնական բնութագրերը։ Այս առումով տարին վատն է, դա ակնհայտ է, և այս վատը թեև տարվա ընթացքում համաչափորեն խորանում է, սակայն կտրուկ փոփոխություններ չկան», ասաց նա։

Նրա խոսքով՝ արդեն տեսանելի է, որ այս տարին կամփոխվի 7-8 տոկոս տնտեսական անկումով։ «Բայց պետք է ասել, որ պատերազմը տնտեսության վրա ներկայում էական ազդեցություն դեռ չի ունեցել, դրա հետևանքները կդրսևորվեն առաջիկայում՝ 2021-2022 թվականներին»,- հավելեց Ասատրյանը։

Կենտրոնական բանկն օրերս հայտարարեց, որ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ Ըստ Բագրատ Ասատրյանի՝ դա շուկայի վրա թողեց իր ազդեցությունը։ «Կենտրոնական բանկն ուղղակի ցույց տվեց իր հստակ ու պարզ դիրքորոշումը և շուկայի մասնակիցներին ուղղակի ասաց, որ ինքը գիտի իր անելիքները, թե ինչպես կվարվի։ Դա արդեն իսկ իր ազդեցությունը թողեց»,- ասաց նա։

Ըստ Ասատրյանի՝ առաջին հերթին պետք չէ մոռանալ, որ անցած 10 ամիսներին Հայաստանում գրանցվել է ընդամենը մոտ 1 տոկոս գնաճ, և փոխարժեքի այս տատանումը չի կարող ծանր անդրադառնալ սպառողական շուկայի վրա։ Մյուս խնդիրը վերաբերում է ԵԱՏՄ առևտրային կապերին։ Ըստ նրա՝ այսօր ԵԱՏՄ երկրների թվում հայկական դրամն ամենակայունն է, ինչն այնքան էլ ձեռնտու չէ հայրենական արտադրողներին արտաքին մրցակցային պայմանների առումով։

Շարունակությունը՝ lragir.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն