Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրայալ. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որով հայտնել է, որ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրայալ. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը ստորև․

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առերևույթ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով Երևան քաղաքի Արաբկիր համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: 

Մասնավորապես՝ Երևան համայնքին պատկանող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ ընդգրկված «Արաբկիր» զբոսայգու տարածքից 1500 քմ. մակերեսով հողատարածքը 2007թ. ապրիլի 25-ին ուղիղ վաճառքի եղանակով, 19.367.755 ՀՀ դրամով օտարվել է Արաբկիրի թաղապետարանի ենթակայությամբ հիմնադրված «Մաքուր Արաբկիր» ՓԲ ընկերության տնօրեն, համայնքի նախկին ղեկավարի հետ բարեկամական կապերի մեջ գտնվող անձին, որն իր հերթին նշված հողատարածքը, շուրջ մեկ տարի անց՝ 2008թ. ապրիլի 8-ին, մի քանի անգամ թանկ արժեքով՝ 184.200.000 ՀՀ դրամով, վերավաճառել է մեկ այլ քաղաքացու։

Բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել՝ համայնքի նախկին ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն