hetq.am: Անցնող մեկ շաբաթվա ընթացքում սակրավորները պայթյունավտանգ առարկաներից մաքրել են Ստեփանակերտի և նրա հարակից տեղանքների տարածքների կեսից ավելին։ Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Արցախի հումանիտար ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը՝ հավելելով, որ աշխատում են այդ տարածքներում ականազերծումն ավարտել մինչև ընթացիկ տարվա ավարտը։
«Մաքրվել է Ստեփանակերտ քաղաքի կեսից ավելին։ Հիմա կոնկրետ հեկտարներով չեմ կարող ասել, սակայն կեսից ավելին մաքրվել է։ Հիմա աշխատում ենք քաղաքին հարակից տարածքներում»,- նշել է Մեսրոպյանը։
Նրա խոսքերով՝ ներկայում Ստեփանակերտի կենտրոնական հատվածն ամբողջությամբ մաքրված է զինամթերքից, որոնք քաղաքի վրա են ընկել Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ։
«Մաքրվել է մասնավոր տարածքների կեսից ավելին։ Այստեղ խիտ բնակեցված շրջան է, անհրաժեշտ է մաքրել, քանի որ մարդիկ արդեն վերադառնում են»,- հավելել է Մեսրոպյանը։
Պատասխանելով այն հարցին, թե բացի Ստեփանակերտից, էլ որ շրջաններում է նախատեսվում իրականացնել ականազերծման աշխատանքներ, Մեսրոպյանը նշել է, որ Ստեփանակերտից հետո ականազերծման աշխատանքները կսկսվեն Մարտունու շրջանում, իսկ դրանից հետո՝ Մարտակերտում։