hetq.am: Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը, որոնք 2014 թվականին ներթափանցել էին Արցախի Քարվաճառ քաղաք և սպանել երկու հայի, վերադարձվել են Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը։
Ըստ հանձնաժողովի տարածած հաղորդագրության՝ վերադարձվել են նաև Ադրբեջանի այլ քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ 2014 թվականի ամռանը ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներ Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևն ու Հասան Հասանովը ներխուժել էին Արցախի Քարվաճառ քաղաք, սպանել էին Արցախի Հանրապետության քաղաքացի, 17-ամյա Սմբատ Ցականյանին, ՀՀ քաղաքացի, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, ինչպես նաև վիրավորել ՀՀ մեկ այլ քաղաքացու՝ Կարինե Դավթյանին: Դիվերսիոն խմբի անդամների ձերբակալման պահին Հասան Հասանովը դիմադրություն էր ցույց տվել և սպանվել: ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը Ասկերովին դատապատել էր ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման: