armtimes.com: Ազգային ժողովի նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն այսօր հրաժարվել է ոստիկանության բաժնում բացատրություն տալ։ Այս մասին ասաց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ Պետրոսյանը բերման է ենթարկվել անօրինական։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Պետրոսյանը բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերի շրջանակում։
Քաղաքացին նման հաղորդում էր ներկայացրել դեկտեմբերի 14-ին՝ նշելով, որ Շուշան Պետրոսյանն իրեն ծեծի է ենթարկել։ Մեր զրույցում Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ամեն ինչ սկսվել է քաղաքացու կողմից Պետրոսյանի հասցեին վիրավորանքներ հնչեցնելով, ինչից հետո տեղի է ունեցել շատ թեթեւ միջադեպ, որը որեւէ հետեւանք չի առաջացրել․ «Մեզ պարզաբանվեց, որ բերման ենթարկելը պայմանավորված է եղել այդ հաղորդմամբ, որում քաղաքացին նշել էր, որ ինքը դավաճան է անվանել Շուշան Պետրոսյանին, եւ վերջինս, ըստ քաղաքացու, իր նկատմամբ կիրառել է ծեծ, սակայն իրականությունը երկրորդ մասով մի փոքր այլ է, մենք այդ մասին ավելի ուշ փուլում կխոսենք, առաջին մասով, այո, համապատասխանում է իրականությանը, քաղաքացին, խանութում գտնվելով, ավելի լուրջ վիրավորանքներ է հասցրել Շուշան Պետրոսյանին»։
Հարցին, թե ինչպես է ոստիկանությունը մեկնաբանել այն փաստը, որ անձը բերման է ենթարկվել առանց նախապես ծանուցվելու, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց, որ, ըստ ոստիկանության, իրենք փորձել են գտնել, չեն կարողացել եւ ստիպված են եղել բերման ենթարկել․
«Սրա հետ կապված մենք ունենք առարկություն, որովհետեւ Շուշան Պետրոսյանին գտնելը, մեղմ ասած, մեծ դժվարություն չէ, եւ մենք պատրաստ ենք գնալ, ըստ կարգի՝ ներկայացնել բացատրություն, բայց քանի որ բերման ենթարկեցին, մենք այս փուլում բացատրություն չտվեցինք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անօրինական, անընդունելի ենք համարում լուսաբացին գալն ու բերման ենթարկելը, այն էլ, մեղմ ասած, այսպիսի նվազ վտանգավորության միջադեպի կապակցությամբ եւ առանց ողջամիտ միջոցներ ձեռնարկելու նրան գտնելու եւ բաժին հրավիրելու համար»։
Փաստաբանի խոսքով՝ ոստիկանները նշել են, թե երեկ այցելել են Շուշան Պետրոսյանի բնակարան՝ նրան բաժին հրավիրելու, դուռը թակել են, սակայն տանը մարդ չի եղել։
Շարունակությունը՝ armtimes.com-ում