Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորել է իրենց գործողություններում խստորեն պահպանել օրենսդրության պահանջները

Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է

– իրենց գործողություններում խստորեն պահպանել օրենսդրության պահանջները,

– չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքեր, այդ թվում՝ պետական մարմինների շենքեր և շինություններ կամ այլ տարածքներ քաղաքացիների և պետական ծառայողների ազատ մուտքն ու ելքը,

– թույլ չտալ այլ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների երթևեկության անհամաչափ սահմանափակումներ,

– զերծ մնալ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները, նաև Հանրապետության Հրապարակի համալիրն առանց իրավասու մարմինների թույլտվության օրենքով չնախատեսված այլ նպատակներով օգտագործելուց, այդ թվում՝ վրաններ տեղադրելու եղանակով։

Այս համատեքստում Ոստիկանությունը հիշեցնում է, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի ուժով հուշարձանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով, ինչպես նաև իրենց սկզբնական ու հարմարեցված (ադապտացիոն) գործառնական նշանակությամբ։

Օրենքը նաև սահմանում է, որ հուշարձանների օգտագործումը տնտեսական և այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեքը։

Այսպիսով, Ոստիկանությունը հավաքի անցկացման նպատակով վրանների տեղադրումը պատմության և մշակութային հուշարձաններին հարող տարածքներում և դրանց օգտագործումը դիտարկում է անհամատեղելի այդ վայրի պատմական և մշակութային նշանակության հետ և դրա գեղարվեստական արժեքը նսեմացնող, քանի դեռ առկա չէ իրավասու պետական մարմնի համաձայնությունը՝ կոնկրետ հավաքի անցկացման համար վրանների տեղադրման կամ այլ առարկաների օգտագործման վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև