Դպրոցների ղեկավարների հետ հանդիպումները, կրթօջախներ այցելությունները հաճախակի բնույթ են կրելու, առկա բոլոր խնդիրներին փորձելու ենք հնարավորինս արագ և օբյեկտիվ լուծումներ տալ:
Գիտեմ, որ դպրոցները բազմաթիվ խնդիրներ ունեն՝ անցյալից եկող, ներկայում ձևավորված, պետք է փորձել դրանց լուծում տալ: Ես բաց եմ լինելու բոլոր տեսակի քննարկումների համար: Եթե կա խնդիր, միասին լուծելու ենք դա:
Հանդիպմանը հատկապես կարևորել եմ մանկավարժի դերը երեխաների դաստիարակության մեջ և այս համատեքստում ընդգծել նաև դպրոցների ապաքաղաքականացված լինելը:
Դպրոցները պետք է լինեն ապաքաղաքական կառույցներ և բացարձակապես զբաղվեն դպրոցական կրթությամբ, ծառայեն իրենց բուն նպատակին: Մարդն, իհարկե, ազատ է իր քաղաքական հայացքների մեջ, սակայն դրանք դպրոցի պատերից ներս որևէ տեղ չպետք է ունենան: 2020-ը ծանր փորձությունների և մարտահրավերների տարի էր, բայց մենք կոտրվելու իրավունք չունենք, գնալու ենք առաջընթացի և զարգացման ճանապարհով, աշխատենք և գործենք՝ ի շահ մեր երկրի։
Դպրոցի տնօրենների հետ հանդիպումից հետո անակնկալ շրջայցեր եմ կատարել Հրազդան քաղաքային համայնքի «Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12», «Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11» հիմնական և թիվ 10 ավագ դպրոցներ: Ծանոթացել եմ շենքային պայմաններին, առկա խնդիրներին և կորոնավիրուսային հիվանդության պայմաններում դասապրոցեսի ընթացքին:
Հորդորել եմ խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, որոնց շնորհիվ միայն հնարավոր կլինի ապահովել դասապրոցեսի անընդհատությունը: Զրուցել եմ նաև ուսուցչական անձնակազմի, աշակերտների հետ և ևս մեկ անգամ շեշտել ՝ բաց եմ ցանկացած հարցի քննարկման և առաջարկությունների համար, որի արդյունքում դպրոցի աշխատանքն առավել արդյունավետ կլինի»,- Ֆեյսբուքի էջում գրել է մարզպետը: