1lurer.am: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց այսօրվա արտահերթ նիստում քննարկված բոլոր նախագծերը՝ բացի մեկից։
Մասնավորապես, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:
Նախագծով առաջարկվում է կրճատել անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործող ժամկետները, եթե դրանք պայմանավորված են եղել ռազմական գործողություններով:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման կանխարգելման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նախագծով առաջարկվում է մեկ տարով հետաձգել որոշ դրույթների կիրառումը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նախագիծը վերաբերում է պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո քաղաքացիների՝ հայրենիքին տրամադրած տարաբնույթ օգնությունը մաքսավճարներից և հարկային վճարներից ազատելուն:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղի վճարների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նախագծով առաջարկվում է հաջորդ տարվանից Երևանի 10 վարչական շրջաններում հանել կարմիր գծերը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Խորհրդարանը չընդունեց միայն մեկ նախագիծ՝ Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագծով առաջարկվում է ցեմենտի և կլինկերի ներմուծման համար 1 տոննայի դիմաց պետական տուրքը սահմանել 14 հազար դրամ: