Արման Բեկնազարյանը՝ լուսանկարում երրորդը
«Անցած տարի ինձ ու Սերգեյին հեռախոս առավ, էս տարի խոսք էր տվել, որ Սասունի համար պիտի առնի։ Սասունն ասում ա՝ մա՛մ, պապան որ սաղ լիներ, ինձ հեռախոս կառներ, չէ՞»։
Մարինեն պատերազմների պատճառով երրորդ անգամ է տեղահանվում Արցախից եւ գալիս Հայաստան։ 1990-ական թվականների ռազմական գործողությունների ժամանակ ընտանիքը եկել եւ հաստատվել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։ Ուսումն այստեղ ավարտելուց հետո եղբոր հետ մեկնել է Մարտակերտ՝ տատին ու պապին խնամելու։ Այնտեղ էլ հանդիպել է Արմանին․
«Ես գիտեի, որ Արմանը զինծառայող է, քաջ գիտակցում էի, որ սպայի կյանքը․․․ ամուսնացա իր հետ, մնացի Մարտակերտում»,- պատմում է Արմանի կինը՝ Մարինեն։ Արմանի ու Մարինեի ծնունդը նույնը օրն է՝ օգոստոսի 4-ին։ Հետագայում նշանվել, որից մեկ տարի անց էլ ամուսնացել էին դարձյալ նույն օրը։ Հետախույզ Արմանը Բեկնազարյանը Մարտակերտից էր․ այնտեղ էր ապրում եւ չէր պատկերացնում իր կյանքն այլ վայրում։
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արմանն առանց մեկ վայրկյան վարանելու մեկնել է սահման, իսկ կինն ու երկու երեխաները մեկնել են Գորիս՝ ավելի ապահով լինելու համար․
«Այնպես ստացվեց, որ ճանապարհները փակել էին դեպի Մարտակերտ եւ չէին թողնում, որ քաղաք մեքենա մտնի։ Ամեն մարդ իր ընտանիքը դուրս էր բերում Մարտակերտից։ Չկար մի պետական մարմին, որ մեր տարհանման հարցով զբաղվեր, իսկ Արմանը մեկնել էր սահման։ Մնացել էինք բախտի քմահաճույքին։ Բախտի բերմամբ մի տաքսի եկավ Մարտակերտ, ու մենք այդ մեքենայով դուրս եկանք Մարտակերտից։ Սարսափելի օրեր էին․․․
Ամուսինս ենթասպայի կոչում ուներ, քառօրյա պատերազմին, քանի որ իրեն լավ էր դրսեւորել, միանգամից լեյտենատի կոչում էին տվել։ Շատ նվիրված էր աշխատանքին, շատ պարտաճանաչ։ Իսկական սպայի կերպար ուներ՝ խիստ, կարգապահ»։
Այդ օրերին Գորիս տեղափոխվելուց հետո Մարինեն հասկացավ, որ առանց Մարտակերտի ապրել չի կարող եւ նորից վերադարձավ հետ․ «Քառօրյայից հետո Արմանն ինձ սովորեցրեց մեքենա վարել։ Ասաց՝ պետք է սովորես, որ եթե նորից կռիվ լինի, կարողանաս երեխաների հետ դուրս գալ Մարտակերտից։ Մեքենա վարելու մեծ սիրահար չեմ, բայց գիտեի, որ անհրաժեշտ է ու պետք է սովորել։ Այսպես՝ սովորեցի»։
Այդպես էլ եղավ․ այս պատերազմի ժամանակ Մարինեն իր երկու երեխաների եւ մեկ այլ սպայի կնոջ ու երեխաների հետ մեքենայով Արցախից հասավ Երեւան։ Արմանը դիրքեր մեկնելուց առաջ միշտ գազ էր լցնում մեքենան։ Այս անգամ բացառություն եղավ։ Ասում է՝ զգում էր, որ պատերազմի վտանգ կա, բայց ինքն էլ չէր հավատում․
«Արթնացա պայթյունի ձայներից։ Հասկացա, որ պատերազմ է սկսվել։ Միանգամից երեխաներին վերցրի ու նստեցինք Արմանի մեքենան։ Գազալցակայանը իրենց զորամասին մոտ էր։ Բոլորը գնում էին հակառակ ուղղությամբ, իսկ ես՝ դեպի գազալցակայան։ Գազ լցնելուց հետո բարձրացանք վերին գյուղեր։ Դե ես էլ պրոֆեսիոնալ վարորդ չեմ, բայց հասկանում էի, որ պետք է դուրս գալ այդտեղից։ Մի քանի ընտանիքով գնացինք մի տուն։ Այդտեղ դեռ մարդիկ պահածոներ էին սարքում, ապրում էին սովորականի պես։ Հույս ունեինք, որ շուտով ամեն ինչ կվերջանա, հետ կգնանք մեր տները։ Հաջորդ օրը հարվածային ԱԹՍ էր շրջում երկնքում, հասկացանք, որ այստեղ էլ ապահով չէ։ Գիշերեցինք Արմանի բարեկամի տանը․ հաջորդ օրը մեկնեցինք Վարդենիս։ Ճանապարհը ցույց էր տալիս Լիլիթը՝ ընկերուհիս։ Ինքն իմ աչքերն էր ամբողջ ճանապարհին, իսկ ես վարում էի մեքենան։ Դրա հաջորդ օրը Վարդենիսում նույնպես պայթյուններ եղան։ Հասկացա, որ այդտեղ էլ ապահով չէ, եւ երեխաներիս հետ եկանք Երեւան»։
Երեւանում Մարինեն բարեկամներ չունի, բայց իրենց տանը շատ զինվորների ծնողների էին հյուրընկալել, եւ նրանցից մեկն էլ իրենց հյուրընկալեց Երեւանում։ Նրա օգնությամբ Մարինեն գտավ Գեւորգ Գասպարյանին, որն իրենց եւ 5 այլ ընտանիքների ապահովեց տնով․ «Մոտ երկու ամիս ապրեցինք այդտեղ։ 17 հոգով էինք բնակվում։ 2 ամիս շարունակ որեւէ բանի կարիք չունեցանք։ Գեւորգը մեզ ապահովում էր ամենով, ինչն անհրաժեշտ էր։ 6 ընտանիք էինք, բոլորիս ամուսիններն էլ կռվում էին։ Հետո իրենց ամուսինները եկան եւ իրենց տարան․․․ ես մնացի միայնակ»։
Արմանը 17 տարի դիրքապահ է եղել։ Դիրք իր երկրորդ տունն էր, զիվորները՝ երեխաները։ Խիստ էր, որ զինվորները ողջ-առողջ գնային տուն․ «17 տարվա սպա էր, բայց ոչ մի զոհ երբեք չէր ունեցել։ Դա իր խստության ու կարգ ու կանոնի արդյունքն էր»։ Երկար տարիներ բանակային սնունդ օգտագործելու պատճառով Արմանը ստամոքսի հիվանդություն էր ձեռք բերել․ «Ասում էր, որ դիրքերից իջնի, կգնանք բուժվելու։ Էն գնալն էր, որ գնաց․․․»։
Արմանն ընկավ հոկտեմբերի 21-ին՝ տանկի կրակոցից։ Ասում են՝ տանկն ուղիղ իր վրա է կրակել․ «Ամեն դեպքում ինքն իր կյանքի գնով պահել է դիրքը, չի հանձնել»։
Արմանն ընտանիքի երկրորդ զոհն էր։ 16 տարեկան հասակում ականի պայթյունից զոհվել է նրա եղբայրը՝ Սերգեյ Բեկնազարյանը։
Ե՛ւ Արմանը, ե՛ւ Մարինեն ծնողազուրկ են։ Հույսները իրար վրա էին դնում։ Արմանն ասում էր, որ Մարինեն իր ընկերն է, քանի որ իր բացակայության ժամանակ ե՛ւ տան կինն է, ե՛ւ տղամարդը։ Մարինեն 1 տարեկան է եղել, երբ հայրը մահացել է։ Ասում էր՝ երբ տեսնում եմ, թե ինչպես է Արմանը դաստիարակում երեխաներին, ուրախանում եմ։ Կյանքում ամեն ինչ ձեռք ձեռքի տված են արել։ Փորձել են իրենց երեխաներին տալ այն, ինչի կարիքը իրենք էլ ունեցել են․ «Կյանքում ամեն ինչ կտայի, որ էն ճանապարհը, որը ես եմ անցել, իմ երեխեքը չանցնեին, բայց արի ու տես, որ երազելը շատ քիչ է․․․
Հրաշալի ամուսին ունեի, առանց իրեն անզոր եմ։ Երբ մամաս մահացավ, ասացի՝ անթեւ մնացի, ասաց՝ ես կլինեմ քո թեւը, ես կլինեմ քո ուժը։ Փորձում եմ ինքս ուժեղ լինել, բայց բացի ուժեղ լինելուց մարդ պետք է երջանիկ էլ լինի։ Աստծուց խնդրում եմ, որ ձեռքս բաց չթողնի, գոնե աստված լինի կողքիս։ Քաջ գիտակցում եմ, որ ո՛չ ամուսին ունեմ, ո՛չ տուն, ո՛չ հայրենիք։ Որ մի քիչ երկար եմ մտածում, խելագարվում եմ։ Փորձում եմ, ամեն դեպքում, հանուն երեխաներիս ապրել, որ կարողանամ ծնկածս տեղից ելնել։ Ես նահանջելու իրավունք չունեմ»։
Նարեկ Մարտիրոսյան



