tert.am: Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Կոնգրեսի վրա տեղի ունեցած հարձակման մասնակիցները ոչ թե ցուցարարներ են, այլ ապստամբներ և «ներքին ահաբեկիչներ», հայտնում է The Wall Street Journal պարբերականը:
Նրա խոսքով՝ այդ իրադարձությունները «Դոնալդ Թրամփի՝ ժողովրդավարության դեմ հարձակման հետևանք են»:
«Թրամփն ամբոխին դրդեց հարձակվել Կոնգրեսի վրա, նա փորձեց ամբոխին օգտագործել ամերիկացի ընտրողներին լռեցնելու համար», – ասել է Բայդենը՝ Թրամփին մեղադրելով բռնություն հրահրելու համար:
Գլխավոր դատախազ Մերիք Գարլանդին և Արդարադատության նախարարության բարձրագույն պաշտոնների մի քանի թեկնածուներին պաշտոնապես ներկայացնելու ընթացքում, նորընտիր դեմոկրատ նախագահ Ջո Բայդենն ասել է. «Անցած չորս տարիներին մենք ունեցել ենք մի նախագահ, որն իր քայլերով ցույց է տվել մեր ժողովրդավարության, մեր Սահմանադրության և օրենքի գերակայության նկատմամբ ունեցած արհամարհանքը»:
Բայդենն ասել է, որ մտադիր է առաջնահերթությունը տալ «ներքին ահաբեկչության» դեմ օրենքի ընդունմանը՝ Սպիտակ տանը ստեղծելով ծայրահեղականների դեմ պայքարի հարցերով հանձնակատարի պաշտոն և մեծացնելով նրանց դեմ պայքարի ֆինանսավորումը: