hetq.am: Պաշտպանության նորանշանակ փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը մեծ պատիվ ու պատասխանատվություն է համարում հետպատերազմյան շրջանում իրեն վստահված պաշտոնը:
Այս մասին հունվարի 15-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Սարգսյանը:
«Ես շուրջ 25 տարի ծառայել եմ Հայաստանի ոստիկանությունում, և նախկին հարցազրույցներից մեկում էլ պնդել եմ, որ ինչ կարգավիճակով էլ լինի, ես նորից, անգամ առանց աշխատանքի կծառայեմ երկրին որպես իրավահարգ քաղաքացի: Ինձ համար որպես սկզբունք դրված չէ, որ եթե ես եղել եմ ոստիկանության պետ, հետևաբար չեմ կարող լինել երկրորդ կամ երրորդ դեմք: Ես դրանում որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Սարգսյանը: Պաշտպանության փոխնախարարը համոզմունք հայտնեց, որ փորձելու է այս դժվար ժամանակահատվածում իր լուման ներդնել հայրենիքի անվտանգության հարցում:
Ինչ վերաբերում է ոստիկանապետի պաշտոնից իր ազատման պատճառին, Սարգսյանը պատասխանեց, որ թե՛ նշանակումը, թե՛ ազատումը վարչապետի որոշելիքն է: Դիտարկմանը, որ վերջինս պաշտոնից ազատվել է ԶՈՒ ԳՇ նախկին պետի որդու հարսանիքից անմիջապես հետո, այդ նույն օրն են աշխատանքից ազատվել նաև ԳՇ պետն ու ԱԱԾ տնօրենը, արդյոք հարսանիքն է եղել պատճառը, նախկին ոստիկանապետը պնդեց` պատճառը դա չէ եղել: Ըստ նրա` միգուցե ինչ-որ հարցերում թերացել է, այդ թվում կորոնավիրուսի դեմ պայքարում: Սարգսյանը նշեց, որ Պաշտպանության փոխնախարարի պաշտոնում գիշերուզօր ծառայելու է պետությանը` հնարավորինս շատ օգուտ տալու համար: