Առաջարկվում է ԱՀ ԱԻՊԾ-ն և ԱՀ ոստիկանությունը ներառել Ներքին գործերի նախարարության կազմում

Արցախ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 21-ին նիստ է հրավիրել և քննարկել օրակարգային հարցեր, տեղեկացնում է ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը ներկայացրել է «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
 
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:

Օրենքի նախագծին տրվել է դրական եզրակացութուն՝ 1 դեմ և 4 կողմ քվեարկության արդյունքով:

«Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1 տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո:

Օրինագիծը  ներկայացրել և դրա վերաբերյալ պարզաբանումներ է տվել կառավարության լիազոր ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը:

Հանձնաժողովը նախագծի վերաբերյալ 5 կողմ ձայների համամասնությամբ տվել է դրական եզրակացություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն