«Տեղեկատվության ստուգման կենտրոնն» անդրադարձել է ԼՂ-ից հայկական զորքերը դուրս բերելու մասին կեղծ նամակին |azatutyun.am|

azatutyun.am։ Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն» ծրագիրն անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին հասցեագրված կեղծ նամակին, որում, իբր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել հայկական զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից:

Նշելով, որ նամակի թվային պատճենը կեղծ է, «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» մանրամասնել է․ ֊ «Կեղծ լուսանկարը առաջին անգամ հրապարակվել է հունիսի 24-ին՝ ֆրանսիական բլոգային հարթակում՝ կեղծ օգտատիրոջ կողմից։ Այնուհետև՝ հունիսի 26-ին, այն հրապարակվում է ադրբեջանական bakililar ֆորումում՝ կրկին կեղծ օգտատիրոջ կողմից, և ակտիվ քննարկման առարկա դառնում։ Որոշ օգտատերեր նույնիսկ սկսեցին տոնել «Արցախի վերադարձը»։

Հունիսի 28-ից կեղծիքը լայն տարածում է սկսում գտնել ռուսական մի շարք ֆորումներում և քիչ հայտնի կայքերում։ Որպես հեղինակ այստեղ ներկայանում է Արթուր Գրիգորյան անունով կեղծ օգտատերը։

Լուսանկարի կեղծ լինելու փաստի մասին կարելի է կռահել մի շարք դրվագներով․ կնիքի բացակայություն, նամակի համարակալման բացակայություն, Հանրապետության զինանշանի դիրքը և ձևը, ինչպես նաև մի շարք բովանդակային սխալներ»:

Նշենք, որ ավելի վաղ կեղծ տեղեկատվության մասին Telegram-ի իր ալիքում հայտնել էր նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: – «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ցանցով հերթական ֆեյքն ա տարածվում», – մասնավորապես, գրել է փորձագետը:

– «Ո՞վ է հեղինակը։ Դեռ հիմնավոր կասկածներից բացի լուրջ ապացույցներ չկան։ Երկու երկրից դուրս ուղղություններից է ամենահավանականը։ Եթե լավ ապացույցներ լինեն, իմաց կտամ», – նաև գրել է Մարտիրոսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն