Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը,Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է , որ Ազգային ժողովի «Միասնական հայրենիք»խմբակցությունը ունի նոր ղեկավար՝ Գագիկ Բաղունցը:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:
«Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ներկայացնելով, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել է ընթացիկ տարվա մակրոտնտեսական ցուցանիշներին և առանձնացրել գալիք տարում պլանավորված ոլորտային ծախսերը: Խոսելով ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից բյուջեի նախագծի վերաբերյալ արված առաջարկությունների մասին՝ ֆինանսների նախարարը նշել է, որ նախագծի նախնական քննարկումների արդյունքում կառավարությանը գրավոր ներկայացվել է շուրջ 24 առաջարկություն՝ գրեթե 1մլրդ 50մլն դրամ գումարային ծավալով:
Նախագծի ներկայացումից հետո պատգամավորները ֆինանսների նախարարին առաջադրել են վարկերի սպասարկման համար կառավարության կողմից ֆինանսավորման, էլեկտրաէներգիայի, գազամատակարարման փոխհատուցման սահմանաչափերի վերանայման, տեղահանված բնակիչների բնակվարձի փոխհատուցմանը,բնակֆոնդի դեֆիցիտին և այլ թեմաների վերաբերյալ հարցեր: Պետնախարար- ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հավելել է, որ 2021թ պետական բյուջեի ֆինանսասավորումը հիմնականում ուղղվելու է սոցիալական ոլորտին:
ԱԺ ֆինանասաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածուի՝ Վահրամ Բորիսի Բաղդասարյանի կենսագրական և աշխատանքային գործունեությունը, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը առաջադրված թեկնածուի օգտին:
Պատգամավորական հարցերի և մտքերի փոխանակությունից հետո խորհրդարանն անցել է փակ գաղտնի քվեարկության: Այնուհետև ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը ներկայացրել է ձայների 22 կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ քվեարկության արդյունքները, ըստ որի Վահրամ Բաղդասարյանը ընտրվել է Հաշվեքննիչ պալատի նախագահ՝ 6 տարի լիազորությունների ժամկետով:
