shantnews.am: Այս պահին Շիրակի մարզում դժգոհության ալիք կա, միջպետական ճանապարհ է փակվել, գերիների ծնողները ցանկություն ունեն հանդիպել Ձեզ հետ: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս հարցն է բարձրացրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը:
«Դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, այլև կառավարությունում, բոլորս էլ դժգոհ ենք: Ես կարող եմ ասել, որ պլանավորում ենք Շիրակի մարզ այց, որտեղ տարբեր հանդիպումներ կունենանք քաղաքացիների հետ, այդ թվում՝ գերիների հարազատների հետ: Ուզում եմ անել հավաստիացում՝ գերիների խնդրի մասին մեզ և ինձ հիշեցնելու անհրաժեշտություն չկա, քանի որ բառացիորեն ոչ մի վայրկյան այդ խնդրի մասին չենք մոռանում: Այդ խնդրի հետ կապված մեզ որևէ գործողության դրդելու համար որևէ ակցիա անելու անհրաժեշտություն չկա, քանի որ այդ ակցիաները մեր գլխում են, մեր սրտում: Մենք պետք է առաջնորդվենք բժշկական սկզբունքով՝ չվնասել: Ամենօրյա աշխատանք է տեղի ունենում գերիների վերադարձի հետ կապված»,- ասաց Փաշինյանը: