ԱՀ ԱԺ-ն ընդունել է 2021-ի պետական բյուջեն, օրինագծերի փաթեթներ և ընտրել գլխավոր դատախազին |armenpress.am|

armenpress.am: Արցախի Ազգային ժողովը փետրվարի 11- նիստում 25 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է հետո «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ եկամուտները կկազմեն 84 մլրդ 230,7 մլն դրամ, ծախսերը՝ 132 մլրդ 342,0մլն դրամ, դեֆիցիտը՝ 48 մլրդ 111,3մլն դրամ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանն ընդունել է նաև մի շարք օրինագծերի փաթեթներ, ինչպես նաև ԱՀ գլխավոր դատախազ ընտրել Գուրգեն Ներսիսյանին։

«Բացելով նիստը՝ Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է նախորդ հերթական նիստից հետո «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շուրջ ծավալված քննարկումներին՝ նշելով որ պահպանվել են բոլոր սահմանված ընթացակարգերը և ժամկետները:

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանը շարունակել է «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Պետնախարար- ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ներկայացնելով  բյուջեի վերաբերյալ պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները, նշել է, որ պետական բյուջեի քննարկումն ԱԺ լիագումար նիստում ընդմիջելուց հետո պատգամավորների և առանձին խմբակցությունների կողմից կառավարությանն է ներկայացվել 19 առաջարկ:

Ներկայացնելով 2021թ-ի պետական բյուջեի լրամշակված տարբերակը՝ Գրիգորի Մարտիրոսյանը նշել է պատգամավորների առաջարկությունների հիման վրա նախագծի ծախսերում կատարված փոփոխությունները՝

1.պաշտպանության բաժնի «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ» ծախսային ծրագիրը ավելացել է 750.0 մլն դրամով,

2.Տնտեսական հարաբերություններ բաժնում ավելացել է՝

  • 10,0 մլն դրամով կրճատվել է «Տնտեսական զարգացման ծրագիր»ծախսային ծրագիրը՝ այլընտրանքային, այդ թվում արևային էներգիայի կարթղությունների գնահատման աշխատանքների իրականացման համար,
  • 200,0 մլն դրամով կրճատվել է «Պատվիրակությունների ընդունելություններ » ծախսային ծրագիրը,
  1. հանգիստ, մշակույթ և կրոն բաժինը լրացվել է «Օգնություն մարզֆեդերացիաներին» ծախսային ծրագիրը՝ 30.0 մլն դրամի չափով,

4.կրթության բաժինը լրացվել է «Դպրոցական բարձր դասարանների աշակերտների և ուսանողների կրակային պատրաստում» ծախսային ծրագիրը՝ 30.0 մլն դրամի չափով,

5.20.0 մլն չափով ավելացել է սոցիալական պաշտպանության բաժնի «Սոցիալ հոգեբանական վերականգնողական օգնության տրամադրում» ծախսային ծրագիրը՝ քաղաքացիներին հոգեբանական ծառայությունների մատուցման համար:

Պետնախարարը տեղեկացրեց, որ կառավարության կողմից ընդունված՝ այլ առաջարկությունները կիրականացվեն կենտրոնացված ֆոնդերի շրջանակներում և ծախսային ծրագրերի ներսում կատարված վերաբաշխումների  հաշվին:

Գրիգորի Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել նաև կառավարության  նախաձեռնությամբ:

Ամփոփելով նախագծով առաջարկվող 2021 թվականի պետական բյուջեի վերջնական ցուցանիշները՝ ֆինանսների նախարարը նշել է, որ եկամուտները կկազմեն 84 մլրդ 230,7 մլն դրամ, ծախսերը՝ 132 մլրդ 342,0մլն դրամ, դեֆիցիտը՝ 48 մլրդ 111,3մլն դրամ:

Նախագիծը քվեարկության դրվեց. 25՝ կողմ, 8՝ դեմ ձայների հարաբերակցությամբ 2021 թվականի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը ընդունվեց:

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ քննարկման է դրվել Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազի ընտրության մասին հարցը:

Անցնելով հարցի քննարկմանը՝ Արցախի Հանրապետության  նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Գլխավոր դատախազի թեկնածու Գուրգեն Ներսիսյանի կենսագրական և աշխատանքային գործունեությունը: Խոսելով թեկնածուի անձնային, մասնագիտական որակների  մասին՝ Արտակ Բեգլարյանը նշել է, որ գործ ենք ունենալու անձնուրաց, սկզբունքային, արհեստավարժ և հմուտ պաշտոնյայի հետ: Նախագահի լիազորված ներկայացուցիչը կարևորել է հատկապես   պատերազմական և հետպատերազմյան ժամանակաշրջանում Գուրգեն Ներսիսյանի ռազմական հանցագործությունների վերհանման ուղղությամբ փաստահավաք գործունեությունը, ինչպես նաև  գերիների հայտնաբերման և անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման աշխատանքները: Ելույթի ավարտին Արտակ Բեգլարյանը առաջարկել է վստահության քվեն տալ Գլխավոր դատախազի թեկնածուի օգտին:

Խոսելով իր ծրագրային դրույթների մասին՝ Գուրգեն Ներսիսյանը  ընդգծել է ,որ հանրության վստահությունն ու աջակցությունն  ապահովելու համար գործելու են ավելի հրապարակային և թափանցիկ ՝ապահովելով արդարության և արդարադատության շոշափելիությունը: Անդրադառնալով Ազգային ժողովում խմբակցություններում քննարկումների արդյունքներին՝ թեկնածուն նշել է. «Խմբակցություններում հնչած առաջարկությունները, մտահոգությունները և խնդիրները ընդունվել են ի գիտություն, և վստահեցնում եմ, որ Ձեր քվեն ստանալու դեպքում հետամուտ եմ լինելու իմ կողմից ներկայացված ծրագրերի իրագործմանը»:

Թեկնածուն համապատասխան պարզաբանումներ է տվել պատգամավորների առաջադրած հարցերին: Մտքերի փոխանակության ընթացքում հանդես են եկել պատգամավորներ Գագիկ Բաղունցը և Արևիկ Պետրոսյանը:

Այնուհետև խորհրդարանը անցել է գաղտնի քվեարկության: Ներկայացնելով արդյունքները՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը նշել է,որ քվեատուփում առկա քվեաթերթիկները բաշխվել են 30 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ: ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է Գուրգեն Ներսիսյանին գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելու առիթով և մաղթել արդյունավետ գործունեություն:

Տեղի է ունեցել նորընտիր Գլխավոր դատախազի երդման արարողությունը:

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ 12 պատգամավորի կողմից 24 հարց հնչեցվեց: Դրանք վերաբերվում էին Հայաստանի Հանրապետությունում գտնվող մեր հայրենակիցների, մասնավորապես՝ գիշերօթիկ հաստատությունների  սաների հետագա ճակատագրին, օտարերկրյա քաղաքացիների մեր հանրապետության մուտքի արտոնությանը, Արցախի պաշտպանության բանակի կարգավիճակին, համավարակի դեմ պայքարի միջոցառումներում պատվաստանյութերի կիրառմանը, պատերազմից տուժած շարժական գույքի գույքագրմանը, վարկերի փոխհատուցման ծրագրի ժամկետներին ու մեխանիզմներին, բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի ձևավորմանը, անօթևան մնացած քաղաքացիների հիմնախնդիրների լուծմանը, աշխարհազորայինների վարձատրմանը, սոցիալական նոր ծրագրերին և այլն:

Կարդալ ավելին՝ armenpress.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն